Առողջապահություն

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

5 րոպեի ընթերցում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

Մեր առողջությունն ու բարեկեցությունը սկսվում են մեզ շրջապատող միջավայրից՝ օդից, որը շնչում ենք, ջրից, որը խմում ենք, սննդից, որն ուտում ենք, և այն միջավայրից, որտեղ ապրում ենք։ Այս պարզ գաղափարն ընկած է «Մեկ առողջություն» մոտեցման հիմքում։ Այն ընդունում է, որ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը սերտորեն փոխկապակցված են, և կոչ է անում համատեղ ջանքերով պաշտպանել դրանցից յուրաքանչյուրը։

Երբ աշխարհը նշում է «Մեկ առողջության» օրը, դա կոչ է հանրային առողջապահության, կենդանիների առողջության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների փորձագետներին՝ քաղաքականություն մշակողների և տեղական համայնքների հետ միասին համախմբել ջանքերը՝ մշակելու համալիր լուծումներ այնպիսի առողջապահական մարտահրավերների համար, որոնք վերաբերում են բոլորին։

Այս տեսլականն ընկած է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱԿՇՄԾ) և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) միջև քառակողմ գլոբալ համագործակցության հիմքում։ Միավորելով իրենց համապատասխան ​​փորձն ու մանդատները՝ այս չորս կազմակերպություններն աջակցում են երկրներին՝ կյանքի կոչելու «Մեկ առողջություն» մոտեցումը՝ ամրապնդելով կանխարգելումը, համաճարակաբանական դիտարկումը ու պատրաստվածությունը՝ միաժամանակ անդրադառնալով առողջության վրա ազդող էկոլոգիական և հասարակական գործոններին։

Հայաստանում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ավարտին՝ հնարավորություն ունենք իմաստավորելու այդ փոխադարձ կապը և դրա նշանակությունը թե՛ ողջ աշխարհի, թե՛ Հայաստանի ապագայի համար։ Բնության և կենսաբազմազանության պաշտպանությունը ոչ միայն բնապահպանական պատասխանատվություն է, այլև ներդրում՝ ավելի առողջ, ավելի անվտանգ և ավելի դիմակայուն համայնքների ստեղծման գործում։

Հայաստանը պարզ օրինակ է այն բանի, թե ինչու է «Մեկ առողջություն» մոտեցումն արժեքավոր։ 2005 թվականին մալարիայի վերացման գործում երկրի արձանագրած հաջողությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել համակարգված հանրային առողջապահական գործողությունների միջոցով։ Սակայն կլիմայական և շրջակա միջավայրի պայմանների փոփոխությանը զուգընթաց ի հայտ են գալիս օտարածին (ինվազիվ) մոծակների հետ կապված նոր մարտահրավերներ։ Արևմտյան Նեղոսի վիրուսով հիվանդության վերջին դեպքերը, ինչպես նաև լեյշմանիոզի և տզերի միջոցով փոխանցվող հիվանդությունների (ինչպիսիք են Լայմի հիվանդությունը և Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը) հետ կապված չնահանջող ռիսկերն ընդգծում են մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության միջև սերտ կապը։ Այս ռիսկերը վկայում են առողջության վրա կենսաբազմազանության ազդեցության մասին։ Մոծակները, մլակները և տզերը կախված են շրջակա միջավայրի որոշակի պայմաններից և փոխազդում են վայրի բնության, ընտանի կենդանիների և մարդկանց հետ։ Ջերմաստիճանի, հողօգտագործման բնույթի, բուսականության, ջրային համակարգերի կամ կենդանիների բնակավայրերի փոփոխությունները կարող են ազդել դրանց տարածվածության և ակտիվության վրա։ Մարդկանց վարքագիծը, քաղաքայնացումը (ուրբանացումը) և մարդկանց ու կենդանիների միջև փոխազդեցության աճը նույնպես կարող են ազդել հիվանդությունների փոխանցման ռիսկերի վրա։

«Մեկ առողջությունը» այլևս ընտրության հարց չէ և պետք է գաղափարից անցնի գործնական քայլերի։ Հայաստանի համար «Մեկ առողջությունը» նշանակում է համատեղ աշխատանք՝ պարենի և ջրի աղբյուրները պաշտպանելու, հիվանդությունների բռնկումների դեմ պատրաստվածությունն ուժեղացնելու և ավելի առողջ համայնքներ կառուցելու համար։ Գիտական ​​հետազոտությունների, համայնքների ներգրավվածության և քաղաքական կայուն հանձնառության հետ միասին այն կարող է նպաստել թե՛ մարդկանց, թե՛ շրջակա միջավայրի համար ավելի դիմակայուն ապագայի կերտմանը։

Հայաստանը կարող է «Մեկ առողջությունը» դարձնել երկարաժամկետ ​​ազգային առաջնահերթություն, քանի որ առողջ շրջակա միջավայրը պարզապես ժառանգություն չէ գալիք սերունդների համար. այն կարևոր է այսօրվա մարդկանց առողջության և անվտանգության համար, և երբ բնությունը ծաղկում է, ծաղկում է նաև Հայաստանը։

Հոդվածը տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում