Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
6 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը՝ Եվրոպական միության, ինչպես նաև Խորվաթիայի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության առողջապահության նախարարությունների հետ համագործակցությամբ, պաշտոնապես մեկնարկել է ԵՄ «Թվինինգ» ծրագիրը՝ «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» խորագրով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն իր բացման խոսքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանը հնարավորություն կունենա ուսումնասիրելու ԵՄ անդամ Խորվաթիայի և Սլովենիայի փորձը և փորձի փոխանակման միջոցով առավել արդյունավետ իրականացնել առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը։

«2026 թվականի հունվարի 1-ից մենք սկսեցինք երկար սպասված բարեփոխման փուլը։ Ապահովագրական նոր մոդելին անցումը մեր քաղաքացիների առողջության հետ կապված հարցերի ավելի ժամանակին և ծախսարդյունավետ հասցեագրումն էր։ Մեր հիմնական մոտիվացիան է, որ մեր առողջապահական ցուցանիշները ամեն տարի բարելավվեն, և մեր կյանքի միջին տևողությունը երկարանա։ Այս առումով մենք բավականին լուրջ առաջընթաց ունենք։ Անգամ մինչ ապահովագրության ներդրումը՝ մեր ներդրած այլ բարեփոխումների շրջանակներում, 2024 թվականին առաջին անգամ ունեցել ենք 78.6 տարի կյանքի միջին տևողություն, որը ռեկորդային է եղել մեզ համար, իսկ 2025 թվականին այն հասցրել ենք 78.9 տարվա։ Այս տարի առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շնորհիվ այս ցուցանիշն էլ ավելի կբարելավվի»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակներից է առողջապահական համակարգի զարգացումը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։ «Մենք բարձր ենք գնահատում Խորվաթիայի մասնակցությունը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թվինինգ» ծրագրին։ Սա մեզ ավելի լայն պատկերացում կտա առկա մարտահրավերների մասին և թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարող ենք միմյանց օգնել հաղթահարելու հանրային առողջապահության և ֆինանսավորման ոլորտի խնդիրները»,-նշեց Ավանեսյանը։

Նա երախտագիտություն հայտնեց գործընկեր երկրներին՝ Խորվաթիային և Սլովենիային՝ համագործակցության համար։
Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչի խոսքով՝ ծրագրի շրջանակում Խորվաթիան, Սլովենիան և Հայաստանը ԵՄ ֆինանսական աջակցությամբ համախմբվում են մեկ նպատակի շուրջ՝ առողջապահությունը դարձնել առավել հասանելի։

«Առողջության համընդհանուր ապահովագրությունը շատ ավելին է, քան պարզապես առողջապահության ֆինանսավորում։ Այն համերաշխության արտահայտություն է, և դա նաև մեր պատասխանատվությունն է յուրաքանչյուր անձի նկատմամբ։ Խորվաթիայում արդեն մի քանի տարի է՝ գործում են հանրային առողջապահության և ազգային ապահովագրության համակարգեր, և Հայաստանը նույնպես ձգտում է հասնել այդ նպատակին»,-ասաց Հրստիչը։ Նա շնորհավորեց Հայաստանի առողջապահության նախարարին և վարչապետին՝ առողջապահության ոլորտը Հայաստանի քաղաքացիների համար առաջնային խնդիր դարձնելու կապակցությամբ։ «Կարծում եմ՝ գիտելիքների և փորձի փոխանցումը Հայաստանին կօգնի ամրապնդել այդ նպատակը, ինչպես նաև կնպաստի համագործակցությանն ու բարեկամությանը։ Բարեկամություն, գիտելիք, փորձ, երկխոսություն և մտերմություն՝ կարծում եմ՝ երկու երկրներն էլ շահեկան դիրքում կլինեն»,-նշեց Խորվաթիայի առողջապահության նախարարը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն էլ հավելեց, որ ծրագիրը մարտահրավերային է, բայց միևնույն ժամանակ՝ մոտիվացնող։

«Իմ կողմից ես կցանկանայի ընդգծել, թե որքան ենք մենք կարևորում մեր գործընկերությունը Հայաստանի հետ։ Մեր գործընկերության կարևորագույն բաղադրիչը մարդիկ են։ Համագործակցության «Թվինինգ» ձևաչափը համախմբում է մեր անդամ պետությունների փորձը։ Այս ծրագիրը մենք սկսել ենք քննարկել որոշակի ժամանակ անց, ձեզ համար էլ որոշակի ժամանակ է պահանջվել, որպեսզի մշակենք ձևաչափերը։ Մենք առաջնորդվում ենք «Թիմային Եվրոպա» սկզբունքով։ «Թվինինգի» ձևաչափը պահանջում է շատ հանգամանալից նախապատրաստություն։ Մենք արժևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը՝ որպես բարեփոխումների հիմնական գործընկեր»,-ասաց Մարագոսը։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող երկամյա ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համապարփակ բարեփոխումների իրականացման գործընթացում։ Ծրագրի նպատակն է ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները, օպտիմալացնել առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները և աջակցել համակարգային կայուն կառուցվածքների ձևավորմանը՝ Հայաստանի քաղաքացիների համար բարձրորակ և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ համագործակցության, գիտելիքի և լավագույն փորձի փոխանակման խթանում։ Համագործակցությունը կկենտրոնանա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդման, արդյունավետ գործառնությունների ապահովման, ֆինանսական կայունության խթանման և առողջապահական համակարգի կառավարման բարելավման ուղղությամբ։