Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ: Նա Երևանում է գտնվում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի ձևավորումը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային կապերի մասին: Սա նշանակում է, որ խոսում ենք ոչ միայն բուհում մասնագիտություն ձեռք բերելու, այլև ընդհանուր արժեքներ ձևավորելու մասին»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է բուհի կարևոր դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում և շեշտել՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար տարածք է տրամադրվել, որը կնպաստի ՀՖՀ-ի ենթակառուցվածքային զարգացմանը, ինչպես նաև ակադեմիական համագործակցության խորացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին՝ այստեղ ևս նշանավորելով բուհի դերակատարումը ֆրանսախոս կամավորների տրամադրման, ինչպես նաև այլ կամավորների համար ֆրանսերենի ուսուցման կազմակերպման հարցում:

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ռազմավարությունը մշակման փուլում է, և ֆրանսիական կողմը կարևորում է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությանը համահունչ գործունեությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգայնացմանը, վարկանիշավորման համակարգում բուհի ներգրավմանը, բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակմանը, «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում դրա դերի ընդգծմանը վերաբերող հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում