Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը, նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով: 

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: 

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում