Մշակույթ

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

2 րոպեի ընթերցում

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby's աճուրդում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ստեղծագործությունը գնահատվում էր 600 000-ից մինչև 800 000 ֆունտ ստեռլինգ։ Պիկասոն Մաարի դիմանկարը նկարել է 1936 թվականի նոյեմբերին՝ իրենց առաջին հանդիպումից և հարաբերությունների սկսվելուց շատ չանցած։ Նկարիչն այդ գործը նվիրել է սիրուհուն, որն այն պահել է մինչև իր մահը՝ 1997 թվականը։ Հետագայում նկարը կազմել է բրիտանացի գործարար և ներդրող Ջո Լյուիսի հավաքածուի մի մասը։

Բացի այդ, հունիսի 25-ին աճուրդով վաճառվել են նկարիչներ  Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պիեռ Բոնարի և Մարկ Շագալի  կտավները:

Աճուրդի ընթացքում վաճառված գործի թվում էին նաև Անրի Մատիսի, Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ Լոտրեկի կտավները: Այս բոլոր աշխատանքները եղել են Լյուիսի հավաքածուի կազմում:

Հունիսի 24-ին աճուրդով վաճառվել են նրա հավաքածուի ամենաթանկ նկարները, այդ թվում՝ իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի հեղինակած դիմանկարը՝ 48,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (63,5 միլիոն դոլար): Երկու օրվա ընթացքում իրացված լոտերի ընդհանուր արժեքը գերազանցել է 305 միլիոն ֆունտ ստեռլինգը (400 միլիոն դոլար): Ընդ որում, սկզբում ամբողջ հավաքածուից ընդհանուր հասույթն ակնկալվում էր 200 միլիոն ֆունտ ստեռլինգի մակարդակում, և նույնիսկ այդ ժամանակ դա ամենաբարձր գնահատումն էր մեկ մարդու պատկանող  հավաքածուի համար, որը երբևէ աճուրդի է հանվել Եվրոպայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում