Վերլուծություն

Ռազմական շքերթը և Հայաստանի պաշտպանության նոր աշխարհագրությունը

8 րոպեի ընթերցում

Ռազմական շքերթը և Հայաստանի պաշտպանության նոր աշխարհագրությունը

Երևանում 2026թ-ի մայիսի 28-ի ռազմական շքերթը պարզապես հերթական հանդիսավոր միջոցառումը չէր։ Այն 2016 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական տեխնիկայի առաջին խոշոր ցուցադրությունն էր, և առաջինը՝ 2020թ-ի պատերազմից ու երկրի անվտանգային նախկին մոդելի փլուզումից հետո։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ռազմական ներուժը գրեթե ամբողջությամբ կապվում էր ռուսական սպառազինության, ռուսական ռազմական կրթության չափանիշների և լոգիստիկ ուղիների հետ։ Սակայն այս շքերթն ապացուցեց, որ սա այլևս միակ հենակետը չէ։

Այսօր Հայաստանը ձևավորում է առավել դիվերսիֆիկացված զինանոց՝ համադրելով շուրջ 7 երկրի արտադրության սպառազինությունն և ռազմատեխնիկան, այդ թվում՝ Ֆրանսիական, հնդկական ժամանակակից սպառազինությունները, ռուսական արտադրության առկա տեխնիկան, ԱՄՆ-ի հետ զարգացող գործակցությունը, սեփական ռազմարդյունաբերական արտադրանքը։

Դիվերսիֆիկացման այս մոտեցումը, սակայն, հղի է նաև մարտահրավերներով՝ սկսած սպառազինությունների բաց շուկայում գործելիս ճիշտ որոշումներ կայացնելուց, մինչև տարբեր երկրների կողմից ու տարբեր չափանիշներով արտադրված զինատեսակների համակցումն ու համատեղելիության ապահովումը։

Հայաստանի պաշտպանական գնումների դիվերսիֆիկացիան

Մայիսի 28-ի ռազմական շքերթի ժամանակ ուշագրավ էր ռազմատեխնիկա մատակարարող երկրների աշխարհագրության բազմազանությունը։

Հնդկաստանը շարունակում է իր ծանրակշիռ դերն ունենալ այս դիվերսիֆիկացման գործընթացում։ Հայ-հնդկական ռազմական գնումների հիմնական ալիքը տեղի ունեցավ 2022–2023 թվականներին, երբ Հայաստանը, անվտանգության ավանդական համակարգերի ձախողումից հետո, ստիպված էր հրատապ կերպով նոր մատակարարներ գտնել։ Հնդկաստանը կարողացավ առաջարկել այն ամենը, ինչն անհրաժեշտ էր Հայաստանին՝ սպառազինության հասանելիություն, մրցունակ գներ, քաղաքական ճկունություն և տեխնոլոգիական աճող ներուժ։

Թեև Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնվում է, արևմտյան մատակարարների մեծ մասը դեռ նոր է սկսում վերապատրաստումների, խորհրդատվական աջակցության և քաղաքական երկխոսության փուլից անցնել սպառազինության անմիջական վաճառքին։ Այս հարցում հիմնական բացառությունը Ֆրանսիան է։

Ֆրանսիայի դերակատարումն այս հարցում առանձնահատուկ կշիռ ունի։ GM-200 ռադարները, Caesar ինքնագնաց հաուբիցները և Bastion զրահամեքենաները ոչ միայն սպառազինության թարմացում են, այլև պաշտպանական գործընկերության նոր մոդելի արտացոլում։ Ֆրանսիայի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում ունենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան համակարգեր, ժամանակակից սենսորներ ու հրետանային միջոցներ։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը Հայաստանին մահաբեր սպառազինություն է տրամադրում։ Սա մի օրինակելի մոդել է, որը պետք է ուսումնասիրեն արևմտյան մյուս գործընկերները, եթե ցանկանում են, որ Հայաստանի ռազմական դիվերսիֆիկացումը խարսխված լինի արևմտյան չափանիշների վրա:

Պակաս կարևոր չէր նաև տեղական արտադրության սպառազինության ցուցադրությունը, ներառյալ՝ ամենագնացների բազայի վրա ստեղծված 122 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, DEV տիպի հարվածային անօդաչուները և այլ հայկական արտադրանքներ։ Թեև այս համակարգերն իրենց կարողություններով կամ բարդությամբ դեռևս կարող են զիջել խոշոր տերությունների զինատեսակներին, դրանք փաստում են մտածողության մեջ տեղի ունեցած լուրջ բեկումը։

Այս նոր իրողության անբաժան մասն է նաև Միացյալ Նահանգները, թեև վերջինիս դերակատարումն առայժմ ավելի շատ ինստիտուցիոնալ բնույթ ունի, քան գործնական-նյութական։ Ամերիկյան կողմի հետ գործակցությունն արդեն իսկ շոշափելի է անօդաչու համակարգերի ոլորտում՝ հատկապես V-BAT ԱԹՍ-ների ձեռքբերումից հետո։ Այդուհանդերձ, կա մեծ ներուժ՝ համագործակցությունն ընդլայնելու կապի պաշտպանված միջոցների, սենսորների, սիմուլյացիոն համակարգերի, կառավարման օղակների և վերապատրաստման չափանիշների ուղղությամբ։ Այնուամենայնիվ, արտահանման վերահսկողության բարդ ընթացակարգերը և տարածաշրջանային զգայուն հավասարակշռությունների նկատմամբ զգուշավոր մոտեցումը թույլ չեն տալիս Վաշինգտոնին դեռևս դառնալ Հայաստանի համար մահաբեր սպառազինության հիմնական մատակարարներից մեկը։ Հենց այս հանգամանքն էլ բացատրում է, թե ինչու է Երևանը զենք գնում այնտեղից, որտեղ առաջարկն այս պահին առավել հասանելի է։

Դիվերսիֆիկացման մարտահրավերները

Հայաստանի համար բաց շուկան ստեղծում է թե՛ հնարավորություններ, թե՛ վտանգներ։ Հայաստանն այլևս կաշկանդված չէ մեկ մատակարարով, իսկ գնումների դիվերսիֆիկացված ռազմավարությունը Երևանին թույլ է տալիս համեմատել տեխնոլոգիաները, բանակցել ավելի շահավետ պայմանների շուրջ, խուսափել լոգիստիկ կախվածությունից։

Բաց շուկայում գործելը, միևնույն ժամանակ, պետությունից պահանջում է նոր կարողություն՝ հմտություն ընտրելու ճիշտ զինատեսակ, ճիշտ երկրից և ճիշտ առաջադրանքի համար։ Հնդկական, ֆրանսիական, ամերիկյան, ռուսական և հայկական համակարգերն ունեն տարբեր տրամաչափեր, ինտեգրման տարբեր ձևեր, վերապատրաստման ծրագրեր, սպասարկման փուլեր և ծրագրային ապահովման կառուցվածքներ։ Դրանց գումարվում են նաև տարբերվող քաղաքական պայմանները, ինչն ինքնին լուրջ մարտահրավեր է այդ ամենի ինտեգրման համար։

Այս իրավիճակը կարելի է բնորոշել հետևյալ կերպ. եթե մեկ մատակարարին ապավինող երկիրը կարող է ընկնել կախվածության մեջ, ապա բազմաթիվ աղբյուրներից զենք գնող, բայց այդ համակարգերը միմյանց չհամակցող երկիրը ռիսկի է դիմում դառնալ գործառնական առումով անարդյունավետ։

Այժմ հիմնական հարցն այն է, թե որքանով կհաջողվի Հայաստանին այս տարաբնույթ տարրերը միավորել մեկ միասնական և գործուն մեխանիզմի մեջ։ Օրինակ՝ ռադարը պետք է կարողանա կիրառելի տվյալներ փոխանցել հրամանատարական կետերին և ՀՕՊ ստորաբաժանումներին։ Անօդաչու թռչող սարքերից ստացված հետախուզական տեղեկատվությունը պետք է անխափան կերպով արտացոլվի մարտական գործողությունների իրավիճակային ընդհանուր պատկերում։ Հրետանին պետք է սերտորեն կապված լինի հակամարտկոցային ռադարների, դրոնների, կապի պաշտպանված միջոցների և կրակի կառավարման թվային համակարգերի հետ։ «Կամիկաձեները» պետք է ոչ թե պարզապես գոյություն ունենան գույքացուցակում, դրանք պետք է կապված լինեն հետախուզության, թիրախի հայտնաբերման և ներգրավման կանոնների հետ։

Այստեղ է, որ Հայաստանի ներքին պաշտպանական-տեխնոլոգիական ոլորտը դառնում է ռազմավարական տեսանկյունից կարևոր։ Երկիրը գուցե ի վիճակի չլինի արտադրել ամբողջական համակարգեր, բայց այն կարող է մշակել ծրագրային ապահովում, մարտադաշտի կառավարման համակարգեր, սիմուլյացիոն գործիքներ, հաղորդակցության ինտեգրում, անօդաչու համակարգեր և ռադիոէլեկտրոնային պայքարի աջակցություն։ Դիվերսիֆիկացված զինանոցում ինտեգրումը դառնում է նույնքան կարևոր, որքան մատակարարումը։

Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը դարձավ անցումային մի կարևոր հանգրվան։ Հայաստանը հետխորհրդային, ռուսակենտրոն բանակի կառուցվածքից վերջնականապես թևակոխում է բազմավեկտոր և տեխնոլոգիաների վրա հիմնված նոր մոդելի։

Հիմնական մարտահրավերն այժմ կայանալու է նրանում, թե արդյոք երկիրը կկարողանա մատակարարների դիվերսիֆիկացոմը վերածել օպերատիվ համակցման, գնումների հարցում կատարված ընտրությունը՝ ինստիտուցիոնալ կարողության, իսկ հանրային տեսանելիությունը՝ վստահելի զսպման գործոնի։

Հեղինակ՝ Լեոնիդ Ներսիսյան

ԱՊՐԻ Արմենիայի ավագ խորհրդական

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում