Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
1 րոպեի ընթերցում

Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ցանկանում եմ օգտվել առիթից՝ վերահաստատելու այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Եթովպիայի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա ու բարեկամական հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական շփումները շարունակել են խորանալ և ընդլայնվել՝ արտացոլելով երկու երկրների փոխադարձ հանձնառությունը։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր հարաբերությունները կշարունակեն առաջընթաց գրանցել երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում»,- ասված է Եթովպիայի ԱԳ նախարարի ուղերձում։