Հասարակական

Հանրապետության օրվա զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են ՀՀ բանակի նորագույն սպառազինությունն ու տեխնիկան

7 րոպեի ընթերցում

Հանրապետության օրվա զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են ՀՀ բանակի նորագույն սպառազինությունն ու տեխնիկան

Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվել է Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որին մասնակցել են Հայաստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, ռազմական ուսումնական հաստատությունների սաներ, հատուկ նշանակության և խաղաղապահ ուժերի զինծառայողներ։

Զորահանդեսը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հրամանով։

«Զորահանդե՛ս, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, զինված ուժերի մարտական դրոշի և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչի ներքո, զգա՛ստ։ Ձախից դիմավորելու համար՝ ողջունի՛ր»,- հրամայել է Ասրյանը։

Հանրապետության հրապարակ է բերվել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը։

Դրոշակակիրների խումբը գլխավորել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։

Այնուհետև, զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակով շարժվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և զորահանդեսի հրամանատար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի մեքենաները։

Էդվարդ Ասրյանը զեկուցել է պաշտպանության նախարարին․

«Պարո՛ն նախարար, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ասրյան»։

Դրանից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանը շրջել են հրապարակում շարված զորախմբերի առջևով՝ շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ։

Նրանք ողջունել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, խաղաղապահ ուժերի, տարածքային պաշտպանության զորքերի, ռազմական ոստիկանության, բանակային զորամիավորումների, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ և հատուկ նշանակության զորքերի, ինչպես նաև բանակի կին զինծառայողների անձնակազմերին։

«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել են նրանք զորախմբերին։

Զորախմբերի ողջույնից հետո պաշտպանության նախարարի մեքենան շարժվել է դեպի կենտրոնական տրիբունա, որտեղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, ապա հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Զորահանդեսին մասնակցող ստորաբաժանումները ներկայացել են մարտական նոր համազգեստներով։

Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։

Հանրապետության հրապարակ են մուտք գործել ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերը՝ զորքերի պետ, «Արիության» մեդալակիր, գնդապետ Վահրամ Գրիգորյանի ղեկավարությամբ։

Հրապարակով անցել են ժամանակակից հետախուզահարվածային չորսոտանի «Գայլ» ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական և բարդ ռելիեֆային պայմաններում կարող են իրականացնել հետախուզման, հայտնաբերման, թիրախների տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի և այլ միջոցների տեղափոխման առաջադրանքներ։

Ներկայացվել են նաև սակրավորի պաշտպանիչ համազգեստներ, որոնք նախատեսված են ականազերծման և պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքների ընթացքում զինծառայողների պաշտպանության համար։

Հանրապետության հրապարակ են մտել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը՝ զորքերի պետ, գնդապետ Գևորգ Ղամբարյանի գլխավորությամբ։

Ներկայացվել է «Մառախուղ» համալիրը, որը նախատեսված է օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման համար։

Հանրապետության հրապարակով անցել է նաև «Սարդ» համալիրը, որը նախատեսված է հակառակորդի մարտավարական օղակի ռադիոկապի ճնշման համար։

Զորահանդեսին ներկայացվել է հատուկ նշանակության ուժերի մեքենայացված ստորաբաժանման շարասյունը՝ «Մարտական ծառայության» մեդալակիր, գնդապետ Պողոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Շարասյունը համալրված է եղել «Բաստիոն» տեսակի զրահամեքենաներով, որոնք սպառազինված են 12,7 մմ տրամաչափի M2 գնդացիրներով։

Հանրապետության հրապարակով անցել են նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը՝ զորքերի պետ, գնդապետ Համլետ Հարությունյանի գլխավորությամբ։

Զորահանդեսին ներկայացվել են նաև տարբեր տեսակի հրետանային, հակատանկային, զենիթահրթիռային և անօդաչու համակարգեր, այդ թվում՝ «ՏՈՍ-1Ա», «ՏՕՌ-Մ2ԿՄ», «Կարիճ», «Լուսան», «Վահան-200», «Kornet-M», «Նիզակ», «Շանթ», «Արամազդ», «Միհր», «Ատլանտ» և այլ համալիրներ։

Ցուցադրվել են նաև հայրենական արտադրության «Հրազդան» 82 մմ և «Սևան» 120 մմ ականանետերը, ինչպես նաև տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ «Կայծակ», «Մեղու-5», «Դև-11», «Որոտ-1», «Աղեղ» և այլ համակարգեր։

Հանրապետության հրապարակի երկնքով անցել է զինված ուժերի ավիացիան՝ ՄԻ-17 ուղղաթիռներով, «ՍՈՒ-30ՍՄ» և «ՍՈՒ-25» կործանիչներով։

Կործանիչների մասնակցությամբ Հանրապետության հրապարակի երկինքը ներկվել է հայկական եռագույնի գույներով։

Զորահանդեսի ընթացքում ՀՀ ԶՈւ պատվո պահակախումբը ցուցադրել է իր ցուցադրական հմտությունները։

Հանդիսավոր շքերթն ավարտվել է երեխաների մասնակցությամբ, որոնք հրապարակ են դուրս եկել խաղաղության աղավնիներով։

Զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են բացառապես հայկական ստեղծագործություններ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում