Մշակույթ

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին:

Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:

Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»:

ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով։ Երգչուհու հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ:

Հունիսի 27-ին հայտնի է դարձել, որ կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:Նա 1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատարն է եղել: 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Ռաիսա Մկրտչյանի երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի և այլոց ստեղծագործություններ։Իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Մովսես Խորենացու մեդալների։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում