Հայաստան

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է  թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: 

Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկրի ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։ 

 «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ հունիսի 26–ին, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններ են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։

«Կոնդ» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան և 8 նորահայտ հուշարձաններ՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ «Կոնդի» զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման և մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։

Բնակիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները և տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում՝ հետագա աշխատանքները փոխհամաձայնությամբ իրականացնելու նպատակով: «Մենք ուզում ենք օգնել, որ այսքան տարի այսպիսի դժվար պայմաններում եք ապրել, նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար»,-ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում՝ փուլ առ փուլ: 

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը: Կառավարության որոշմամբ՝ հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում