ԱՄՆ-ի և Իրանի միջև կայունությունը փխրուն է․ իրանագետի վերլուծությունը
5 րոպեի ընթերցում

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության գալն ինքնին ողջունելի է, բայց իրավիճակը դեռ փխրուն է և կայունությունը վերստին կարող է խաթարվել Իսրայելի կողմից ցանկացած սադրանքի արդյունքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմա Բեգիջանյանն անդրադարձավ իրանաամերիկյան հակամարտության ներկա փուլին և այդ համատեքստում Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցման շուրջ նախօրեին տեղի ունեցած բանակցություններին։
«Նախևառաջ դա համաձայնագիր չէ, այլ փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա հետագայում պետք է ստորագրվի համաձայնագիր, և քանի որ հուշագրի բովանդակությունը դեռ հրապարակված չէ, իրանական ու ամերիկյան կողմերից հնչում են տարբեր մեկնաբանություններ։ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խոստացել է 300 միլիարդ սառեցված գումարները վերադարձնել Թեհրանին, սակայն Թրամփն իր հերթին հերքեց այդ տեղեկատվությունը։ Ընդհանուր առմամբ, խաղաղության համաձայնագիրը երկու կողմերին էլ անհրաժեշտ է ու ձեռնտու, թեև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խիստ դեմ է Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ համաձայնության, ուստի կարող է ամեն վայրկյան սադրանք իրականացնել՝ թիրախավորելով Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը»,- ասաց Բեգիջանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այն հանգամանքը, որ այդ հուշագիրն առցանց ստորագրել են ամերիկյան կողմից նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանական կողմից խորհրդարանի խոսնակ, գլխավոր բանակցող Մոհամմադ Ղալիբաֆը, արդեն իսկ հուսադրող ու առաջին մեծ քայլն է, որը ողջունել են աշխարհի գերտերություններն ու արաբական երկրները։
Անդրադառնալով այն իրողությանը, որ նախատեսվում է հունիսի 19-ին Ժնևում ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ գործընթացը մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե կողմերն ինչ հետևողականությամբ կյանքի կկոչեն փոխադարձ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին։
«Նախ դեռ կան շատ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները խիստ տարբերվում են, և նրանց կոնսենսուսի բերելը բավականին դժվար է։ Երկու ամիս անց ԱՄՆ-ում մոտենալու են միջանկյալ ընտրություններին, ուստի կողմերն աշխատելու են հնարավորինս շուտ հասնել համաձայնության։ Ի սկզբանե ԱՄՆ-ն Իրանի հետ խոսում էր խիստ վերջնագրային լեզվով, բայց աստիճանաբար հռետորաբանությունը զգալիորեն փոխվեց։ Դա վերաբերում է նաև բոլոր ճակատներին, մասնավորապես լիբանանյան խնդրին, որի շրջանակում ԱՄՆ-ն գնաց որոշակի զիջման՝ ներգործելով Լիբանան ներխուժած իր դաշնակցի՝ Իսրայելի վրա»,- նշեց իրանագետը։
Նա հիշեցրեց, որ նախապես որոշված էր Իրանի ծովային բլոկադան վերացնել մեկ ամիս հետո, սակայն ԱՄՆ-ն խոստացավ, որ դա տեղի կունենա համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Բեգիջանյանի կարծիքով՝ թեև Իսրայելը միայնակ չէ և ունի լոբբիստական շատ հզոր աջակցություն ԱՄՆ-ում, բայց Միացյալ Նահանգներում հասարակությունը պահանջում է առաջին պլան մղել ամերիկյան շահերը, ինչը կարող է Նեթանյահուին ստիպել, որպեսզի նա հետ կանգնի իր արկածախնդիր ծրագրերից, եթե, իհարկե, չի ուզում հետ մնալ խաղաղության քարավանից, ինչպես նշել է ամերիկյան մամուլը։
«Գլոբալ առումով՝ Իրանի դիրքերն այժմ ամուր են, քանի որ Իսրայելն ու ԱՄՆ-ն չեն հասել իրենց նպատակներին, որոնց հետամուտ էին պատերազմի ընթացքում»,- եզրափակեց Բեգիջանյանը։
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:
