Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». ցեղասպանության 105-ամյա վկան պատրաստ է վերադառնալ հայրենի Սուրմալու, անգամ եթե «Աստված իր կյանքն առնի»

«Ականատեսը». ցեղասպանության 105-ամյա վկան պատրաստ է վերադառնալ հայրենի 
Սուրմալու, անգամ եթե «Աստված իր կյանքն առնի»

«Արմենպրես» լրատվական գործակալութունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել  «Ականատեսը» հատուկ նախագիծը, որը  ընթերցողների դատին է հանձնում ցեղասպանության ականատեսների կյանքի  պատմությունները: Արմավիրի մարզում ցեղասպանության ականատեսների որոնումների ընթացքում մեր ստեղծագործական խումբը եղավ նաև Էջմիածնից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ապագա գյուղում, որտեղ բնակվում է 105-ամյա Խազալ Հասոյանը: 

ԱՊԱԳԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնամերձ հողամասը մշակելով եւ այսպես ապրուստը հոգացող Հասոյանների ընտանիքի ամենատարեց անդամը Խազալ Հասոյանն է:  Ցեղասպանության` 105-ամյա եզդի ականատեսը ծնվել է 1908 թվականին Սուրմալու գավառի Իգդիր գյուղաքաղաքում:

«Հայերեն չգիտեմ,  մեկ-մեկ եմ խոսում»,-  զրույցի սկզբում զգուշացրեց Խազալը` վերհուշը ներկայացնելու իրավունքը տալով որդուն` Իգիթին:

Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղաքաղաք է Երևանի նահանգի Սուրմալու գավառում, Արարատյան դաշտում, Արաքսի աջ ափին, Երևանից 40 կմ հարավ-արևմուտք: Իգդիրը Սուրմալու գավառի վարչական կենտրոնն էր: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք բնակիչ, 20-րդ դարի սկզբին` ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին Իգդիրը գրավեցին թուրքերը, և 1921թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին այն անցավ Թուրքիային: Ներկայում այն թուրքաբնակ փոքրիկ գյուղաքաղաք է։ Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, այդ թվում` նկարիչ էդուարդ  Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը (Դրոն):

«Մորս ընտանիքը գաղթել է Սուրմալուից: Գիտեմ, որ երկու անգամ են բռնել գաղթի ճամփան:  Առաջին անգամ ապրանք եւ անասունների են տեղափոխել: Մոտ մեկ տարի ապրել են Արտաշատից ոչ շատ հեռու գտնվող մի փոքրիկ գյուղում, այնուհետեւ գարնան բացվելուն պես որոշել են վերադառնալ ու իրենց գյուղը շենացնել, սակայն տեղ հասնելուն պես ստիպված են եղել այս անգամ «չփլախ» (մերկ), փախեփախ վերադառնալ»,- պատմում է Իգիթը:

Նրա խոսքով` գաղթի ճանապարհին,  ընտանիքի հինգ երեխաներից միայն իր մորն է հաջողվել փրկվել, ով ծնողների հետ հասել է Ապագա գյուղ: Ճանապարհին սպանվել են նաև նրա հինգ հորեղբայրները:

«Մայրս շատ լավ հիշում էր, թե ինչպես են քրդերը` «խուժան զինյալները» ճանապարհի կեսին մի մարդ էին մորթել, ում գլուխը տարել էին, իսկ դիակը թողել»,- շարունակում է ականատեսի որդին` հավելելով, որ գաղթի ճանապարհին մայրը  ութ տարեկան է եղել:

Հիշողության կորստի և առողջական խնդիրներն այժմ թույլ չեն տալիս վերականգնել  պատմության իրադարձությունների հստակ հաջորդականությունը: «Մայրս էլ, հայրս էլ միշտ ասում էին. «հետ դառնանք Սուրմալու` թող Աստված մեր կյանքն առնի», չէ՞ որ ծննդավայրը «քաշում» է, նրանց երազանքը միշտ այդ է եղել` «դառնան երկիր»»,- պատմում է որդին:

Բնակություն հաստատելով Ապագա գյուղում պատմության հերոսուհին ամուսնացել է, ունեցել  հինգ երեխա` երեք տղա  և երկու աղջիկ: 1937 թ-ից աշխատել է «կոլխոզում», զբաղվել անասպանահությամբ և հողագործությամբ:

Տղայի և հարսի օգնությամբ մեր խնդրանքով Իգիթը հարցրեց մորը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որին Խազալը մի պահ մտածելուց հետո պատասխանեց, որ «մի փոքր դժվար է հավատալ, քանի որ Թուրքիան մեծ տերություն է»:

Խազալին, ով Ապագա գյուղի ամենատարեց բնակիչն է, ճանաչում են բոլորը և առանձնակի հարգանք են տածում նրա հանդեպ: Իգիթի հավաստմամբ` իրենց նկատմամբ երբևէ ազգային խտրականություն չեն զգացել, փոխարենը գյուղում բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ: Ապագայի բնակիչների մի մասի պատմական հայրենիքը Սասունն է:

«Ազգային խտրականություն մեր հանդեպ  չկա, ոնց որ մի տան անդամ լինենք»,- ավելացնում է նա:

Խազալին հայերենով խոսակցությունից միայն չնչին «պատառիկներ» հասկանալի դարձան, ողջ ընթացքում նա միայն ժպտում էր` կարծես համաձայնություն տալով որդու պատմածին:  105-ամյա կինն այժմ գրեթե ոչնչով  չի զբաղվում` տարիքից և առողջական խնդիրներից ելնելով, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, ընտանիքի անդամների հավաստմամբ, աչքի էր ընկնում իր ակտիվությամբ և ճարպկությամբ: 

Տարեց կինը միակ երկարակյացն է ընտանիքում: Թեև երկար ապրելու յուրահատուկ բանաձև չունի, սակայն քչակեր է, ուտելիքի փոխարեն երբեմն նախապատվություն է տալիս մեկ բաժակ թարմ կաթին:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արև Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am