Գիտություն

Երևանյան CAP2026-ը կբնորոշեի «բացահայտում» բառով․ Քելլի Բլումենտալ

4 րոպեի ընթերցում

Երևանյան CAP2026-ը կբնորոշեի «բացահայտում» բառով․ Քելլի Բլումենտալ

Երևանում մայիսի 25-29-ը կայացած Միջազգային աստղագիտական միության՝ աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026) ոլորտի մասնագետների միջև կապերի հաստատման և սերտացման, նաև համագործակցության ձևավորման կարևորագույն հնարավորություն էր։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Միջազգային աստղագիտական միության Աստղագիտության և հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Քելլի Բլումենտալը։

- Ինչպե՞ս եք գնահատում երևանյան համաժողովի արդյունքները։

- Նման համաժողովներն իսկապես շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ միավորում են աստղագիտությամբ հետաքրքրված մարդկանց։ Այդ հարթակները մասնակիցներին հնարավորություն են տալիս մասնագիտական լայն լսարանին ներկայացնել իրենց հուզող տարբեր հարցերը, կիսվել նոր գաղափարներով, գտնել համատեղ աշխատելու և գործակցելու հնարավորություններ։ Հենց այդ ամենին ենք փորձում նպաստել։ Գիտեք, որ հիմա շատ բարդ ժամանակաշրջան է ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ այս տարածաշրջանի համար։ Այդ առումով սա նաև ընդհանուր եզրեր գտնելու շատ կարևոր հնարավորություն էր։

- Որքանո՞վ այն ծառայեց իր հիմնական նպատակներին։

- Չգիտեմ՝ երբևէ կկարողանա՞նք ամբողջությամբ լուծել այս խնդիրը, բայց մենք իսկապես ցանկանում ենք ձևավորել համայնք։ Ամբողջ աշխարհում կան աստղագիտության հանրայնացմամբ զբաղվող բազում մարդիկ, տարբեր մասնագետներ, որոնք կատարում են իսկապես զարմանալի աշխատանք, բայց միշտ չէ, որ տեղյակ են, թե ինչով են զբաղված իրենց գործընկերները։ Ըստ այդմ, շատ կարևոր է ամբողջացնել և հստակեցնել աղճատված պատկերը՝ հասկանալու համար, թե հետագայում ինչպես կարող ենք ավելի արդյունավետ օգտակար լինել մեր համայնքներին և համաշխարհային հանրությանը։

- Որո՞նք են աշխարհում աստղագիտության հանրայնացմանն առնչվող հիմնական խնդիրները։

- Իրականում խնդիրները բազմաբնույթ են, ուստի շատ կարևոր է ընդհանուր հայտարարի գալ դրանցից ամենաբարդերի շուրջ։ Առաջնային նպատակներից է հասկանալ, թե իրականում որքանով ենք արդյունավետ համագործակցում մեր համայնքների հետ ու այդ տեղեկատվությունը օգտագործել մեր աշխատանքները բարելավելու համար։ Ազդեցության չափը պարզելը իսկապես շատ դժվար խնդիր է՝ արդյո՞ք մարդկանցից պետք է հետաքրքրվել, թե նրանք ինչպես են վերաբերվում տվյալ հարցին կամ ինչ են կարծում կոնկրետ խնդրի մասին։ Կամ ինչպե՞ս կարելի է զատել սուբյեկտիվությունն ու կողմնակալությունը այն բանից, ինչը սուբյեկտիվորեն լավ է համայնքի համար։ Այսպիսով, առկա են ոլորտին առնչվող բազմաթիվ, գրեթե փիլիսոփայական հարցեր։

- Ինչպե՞ս կբնորոշեք երևանյան համաժողովը մեկ բառով։

- Դժվար է ասել, գուցե այդ բառը կլինի «բացահայտում»-ը։ Պետք է հայտնեմ, որ երաժշտական դպրոցում ուսուցիչս հայ էր։ Նա ստեղծել էր երաժշտական ստեղծագործություն՝ փորձելով պատկերացնել, թե այն ինչպիսի հնչողություն կունենար, եթե տեղի չունենար Հայոց ցեղասպանությունը։ Այդ երաժշտությունը և՛ գեղեցիկ է, և՛ սրտաճմլիկ։ Այդ պատճառով իմ մտքում Հայաստանի մասին որոշ չափով ռոմանտիկացված պատկերացում էր ձևավորվել։ Գալով այստեղ՝ ամեն ինչ ավելի լավ հասկացա ու խորը զգացի։ Այն, ինչ նախկինում մշուշոտ էր, դարձավ ավելի պարզ ու տեսանելի։

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում