Կրթություն

AI դասարաններ՝ ավագ դպրոցներում. 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելությունը

4 րոպեի ընթերցում

AI դասարաններ՝ ավագ դպրոցներում. 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելությունը

Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Լոռիում, Վայոց Ձորում, Արմավիրում, Տավուշում, 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է ավագ դպրոցի ընդունելությունն արհեստական բանականության դասարաններում։

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համաիրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրն ընդլայնվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում։

Ծրագրի ընդունելությունը բաց է մինչև օգոստոսի 14-ը։ ԱԲ դասարաններում սովորելու համար դիմորդներին անհրաժեշտ է լրացնել նախնական հետաքրքրության հայտը՝ տեղեկանալով հետագա քայլերին ու օգոստոսի 20-26-ին սպասվող գիտելիքների ստուգման մանրամասներին, ապա ուղիղ դիմել ծրագրի դպրոցներից մեկին՝ գրանցվելով ըստ տվյալ դպրոցի ցուցումների։

2023-ից ի վեր հայաստանյան հանրակրթական համակարգում ներդրվող այս ծրագիրը թույլ է տալիս աշակերտներին ավագ դպրոցի 3 տարվա ընթացքում՝ որպես հիմնական առարկաներ, անվճար սովորել արհեստական բանականություն, խորացված հանրահաշիվ և Python ծրագրավորման լեզու։

«Սա հրաշալի հնարավորություն է նախապատրաստելու պատանիներին ապագայի մասնագիտություններին։ Ծրագիրը սովորեցնում է աշակերտներին խորքային, ստեղծողի մակարդակում հասկանալ՝ ինչպես է աշխատում արհեստական բանականությունը,  արդեն դպրոցից ստեղծել սեփական ԱԲ նախագծերը և պատասխանատվությամբ կիրառել այն իրական կյանքում»,-նշում է FAST-ի Հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը։

Ծրագիրն ունի նաև մասնագիտական կողմնորոշման և հմտությունների զարգացման բաղադրիչ։

Դասերին զուգահեռ աշակերտները հնարավորություն ունեն անցնելու փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ, այցելելու առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, ընդունելության խորհրդատվություն ստանալու ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ միջազգային բուհերից, մասնակցելու տեղի ու միջազգային AI օլիմպիադաների, իսկ ամռանը՝ AI մասնագիտությունների ճամբարի՝ անմիջականորեն հանդիպելով ոլորտի մասնագետների հետ։

«Մոբիլիզացնելով հայկական սփյուռքի կապերն ու ներգրավվելով տեղի ու միջազգային փորձագիտական ներուժը՝ մենք ակտիվորեն աշխատում ենք նաև դպրոցից հետո ԱԲ կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ընդգծում է FAST-ի Բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը։

Այս տարի հիմնադրամը Երևանի պետական ​​համալսարանի հետ համատեղ հայտարարել է բակալավրիական մակարդակում՝ Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտության ծրագրում, նոր` AI մասնագիտացման բացման մասին։ Զուգահեռ, FAST-ն աշխատանքներ է տանում Հայաստանում ԱԲ-ի ուղղությամբ ամբողջական բակալավրիական ծրագիր ստեղծելու ուղղությամբ։

Ընդունելության բոլոր մանրամասները՝ fast.foundation էջում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է 32 ծրագիր՝ հասնելով ավելի քան 29 000 շահառուի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում