Տնտեսություն

Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով․ որո՞նք են նպաստող գործոնները

10 րոպեի ընթերցում

Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով․ որո՞նք են նպաստող գործոնները

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 1 մլն 42 հազար զբոսաշրջային այցելություն։ Դա, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, տվյալ ժամանակահատվածում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է մեր երկրում։ Մինչդեռ տարեվերջին ակնկալվում է նոր ռեկորդ՝ արդեն տարվա կտրվածքով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ տարին նախատեսվում է ամփոփել 2․2 մլն այցելություն թիրախային ցուցանիշով։ Առայժմ նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 14,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կարևոր է իմանալ

Սոնա Հովհաննիսյանը, ընդգծելով, որ ներկայացված վիճակագրությունը չի ներառում ՀՀ քաղաքացիների զբոսաշրջային այցելությունները երկրի տարածքում, պարզաբանեց․ «Ներքին և ներգնա զբոսաշրջությունը տարբեր հասկացություններ են, տարբերվում է նաև դրանց վերաբերյալ տեղեկատվության ստացման մեթոդաբանությունը։ Հայաստանում ներքին զբոսաշրջիկներ են ՀՀ ռեզիդենտները, որոնք ճանապարհորդում են բացառապես մեր երկրի տարածքում։ Նրանց այցելությունների մասին տեղեկատվությունը ստանում և եռամսյա պարբերականությամբ հրապարակում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Մինչդեռ ներգնա զբոսաշրջիկները ոչ ռեզիդենտ քաղաքացիներն են, որոնք Հայաստան են այցելում մինչև 1 տարի ժամանակով։ Զբոսաշրջության մասին օրենքով հստակ սահմանվում է՝ ներգնա զբոսաշրջիկն այն այցելուն է, որն իր կացության հիմնական վայրից ճանապարհորդում է մեկ այլ վայր՝ առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով, այնտեղ անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց և չի կատարում վճարովի աշխատանք։ Այսինքն, ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից աշխատանքի դիմաց վարձատրվողն ինքնաբերաբար չի համարվում զբոսաշրջիկ։ Ներգնա զբոսաշրջիկների այցելությունների մասին տեղեկատվությունը ստացվում է բացառապես սահմանային անցակետերի տրամադրած տվյալների հիման վրա»։

Առաջատարների եռյակն անփոփոխ է, բայց պատկերը փոխվում է

Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած ամենամսյա պատկերացույցից հետևում է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում տարիներ շարունակ գերակշռում են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ Այս տարվա հունիսին, օրինակ, Հայաստան եկած զբոսաշրջիկների շուրջ 40 տոկոսը եղել են Ռուսաստանի, 15 տոկոսը՝ Վրաստանի, իսկ 8 տոկոսը՝ Իրանի քաղաքացիներ։ Մնացած երկրներից ունենում ենք անհամեմատ քիչ այցելուներ։ Ինչո՞ւ չի ընդլայնվում Հայաստանի նկատմամբ առավելագույն զբոսաշրջային հետաքրքրություն դրսևորող երկրների աշխարհագրությունը։

«Դա պայմանավորված է մի շարք գործոններով․ Իրանը և Վրաստանը մեր հարևան երկրներն են, իսկ Ռուսաստանի հետ ունենք պատմական առնչություն։ Նշանակություն ունի նաև այն, որ նշված երկրներից Հայաստան հասնելու համար համեմատաբար կարճ ժամանակ է պահանջվում։ Կարևոր է նաև այդ պետություններում հայկական սփյուռքի առկայության հանգամանքը»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ միաժամանակ զբոսաշրջային հոսքերի ակտիվացում է նկատվում այլ երկրներից, հատկապես այն երկրներից, որոնցից ուղիղ չվերթներ են իրականացվում Հայաստան և սահմանված է վիզային դյուրին ռեժիմ։

«Վառ օրինակ է Չինաստանը, որտեղից նկատելիորեն ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Դա ուղղակիորեն պայմանավորված է Ուրումչի-Երևան չվերթի գործարկմամբ և առանց վիզայի այցելությունների իրավունքի սահմանմամբ։ Իսկ Իտալիայի հետ զբոսաշրջային հոսքերի կտրուկ ակտիվացմանը նպաստել է մեր երկրների միջև չվերթների քանակի ավելացումը։ Նույն գործոնով է պայմանավորված Գերմանիայից այցելությունների աճը՝ որոշակի նվազումից հետո։ Ղազախստանից ուղիղ չվերթի գործարկումը նույնպես աշխուժացրել է զբոսաշրջիկների այցելությունները։ Ընդհանրապես, երկրների միջև օդային ակտիվ հաղորդակցության առկայությունը զբոսաշրջության զարգացմանը նպաստող կարևոր գործոն է»,- ընդգծեց Սոնա Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ վերջին շրջանում Հայաստանն ավելի հաճախ է նախապատվելի ուղղություն դառնում նաև Իսպանիայի, Չեխիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության զբոսաշրջիկների համար, թեպետ այս երկրներից ժամանողները դեռևս շատ չեն։ Դրական փոփոխության հույս է ներշնչում վերջերս Լոնդոնի և Երևանի միջև ուղիղ չվերթի գործարկումը։

Փոխարենը գրանցվել է Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Եգիպտոսից ժամանողների որոշակի նվազում։

Ակտիվության շրջան սպասենք նոր հյուրերի

Հայաստանում, ինչպես նշեց Սոնա Հովհաննիսյանը, զբոսաշրջության ակտիվ շրջանը հետզհետե ընդլայնվում է։ Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքերը սովորաբար գրանցվում են ամռանը, նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ նոյեմբերի վերջից ակտիվությունը որոշ չափով նվազում է։ Այնուհանդերձ, աստիճանաբար ավելանում են նաև մեր երկրում ձմեռային հանգիստն անցկացնել ցանկացողները։ Եթե այս միտումը պահպանվի, ապա Հայաստանը կվերածվի կլոր տարի զբոսաշրջային ծառայություններ ապահովող երկրի։

«Ուրախալի է, որ նաև ձմռանն է նկատվում աշխուժություն։ Պետությունը ձեռնարկում է դրան նպաստող բազմաթիվ քայլեր։ Եթե այս տարվա հունվարի ռեկորդային ցուցանիշը պահպանվի և դառնա օրինաչափություն, ապա կարող ենք արձանագրել, որ գրեթե շուրջտարի ունենում ենք ակտիվ զբոսաշրջություն։ Առավել ակտիվություն է նկատվում ամառային, ինչպես նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նոյեմբերից սկսած նկատվում է նվազում, որից հետո կրկին սկսում է ակտիվանալ»,- ներկայացրեց Սոնա Հովհաննիսյանը։

Զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է, որ 2026 թվականին առնվազն կպահպանվի նախորդ տարի գրանցված 2․2 մլն զբոսաշրջային այցելության մակարդակը, թեպետ գլխավոր նպատակն, իհարկե, ռեկորդային նոր նշաձող սահմանելն է։

Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու մղումով

Այս նպատակի իրականացմանն են միտված Զբոսաշրջության կոմիտեի ծրագրերը։ Հատկապես կարևորվում է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանը համապարփակ մարքեթինգային ծրագրերի միջոցով ներկայացնելը։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիաննա Կարապետյանի տեղեկացմամբ՝ այս տարի Հայաստանը միասնական ազգային տաղավարով ներկայացվել է Իսպանիայում, Գերմանիայում, Ռումինիայում և Ռուսաստանում անցկացված միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում։

Զբոսաշրջության կոմիտեն համագործակցում է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, PR ընկերությունների, հայտնի բլոգերների և ազդեցիկ անձանց հետ՝ կազմակերպելով նրանց ճանաչողական այցերը Հայաստան և իրականացնելով այլ գովազդային արշավներ։ Այս ամենի արդյունքում հաճախակի է դարձել արտասահմանյան մամուլի անդրադարձը մեր երկրին, նրա զբոսաշրջային գրավչությանը և ներուժին։

«Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանը դիրքավորվել է որպես անվտանգ և ապահով երկիր։ Այս տարի արդեն մասնակցել ենք չորս միջազգային ցուցահանդեսների՝ միասնական տաղավարով ներկայացնելով մեր երկիրը, զբոսաշրջային փորձառությունները, նախատեսված գրավիչ և հետաքրքիր միջոցառումները։ Մինչև տարեվերջ նախատեսում ենք մասնակցել ևս մի քանի միջազգային միջոցառումների։ Դրանց մասնակցող հայրենի զբոսաշրջային ընկերությունները ներկայացնում են բավականին հրապուրիչ առաջարկներ՝ մեր երկրի մշակույթը, խոհանոցը, տեսարժան վայրերը, կազմակերպում են հյուրասիրություն, այցելուներին առաջարկում համապատասխան տեսանյութեր և զբոսաշրջային գրքույկներ»,- նշեց Դիաննա Կարապետյանը։

Կարևորվեցին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հանդիպումներն այլ երկրների գործընկերների հետ, գործնական կապերի հաստատումը, որը նույնպես դրական է անդրադառնում ընդհանուր աշխատանքի վրա։

Դիաննա Կարապետյանը ազդարարեց՝ շուտով լինելու է շատ հետաքրքիր միջոցառում, որը դեռ նախապատրաստական փուլում է։ Նա չմանրամասնեց, թե հատկապես ինչի մասին է խոսքը, բայց նշեց, որ սպասվում է հերթական լավ նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու զբոսաշրջային հոսքերի շարունակական աճին նպաստում է տարբեր գործոնների համադրությունը՝ բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, միջազգային համագործակցության ընդլայնումը, ուղիղ ավիաչվերթների առկայությունը, մշակութային, մարզական և իրադարձային այլ խոշոր միջոցառումների կազմակերպումը։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում