Դեսպանահավաքի շրջանակներում անցկացվել է միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է Հայաստանի կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվյալ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։
Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները և Կառավարության նոր ծրագրով ակնկալվող արդյունքները, Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները:
Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր ուղղություններով գործընկերությունների զարգացման դինամիկային, արձանագրված արդյունքներին, գործարար կապերի հետևողական խթանման կարևորությանը: