Մեղրի համտես՝ առանց արջերից վախենալու․ «Եղեգիս ֆեսթ»-ում անակնկալների պակաս չի լինի
10 րոպեի ընթերցում

Քաղցր ճամփորդություն․ թերևս այսպես կարելի է անվանել հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք «Եղեգիս ֆեսթ» ճանաչողական փառատոնը, որը կոչված է մեծացնելու ուշագրավ և խորհրդավոր պատմամշակութային հուշարձաններով ու գողտրիկ բնությամբ շրջապատված այս բնակավայրի զբոսաշրջային գրավչությունը։
«Եղեգիս ֆեսթ»-ն ունենալու է նաև բնապահպանական բաղադրիչ՝ նպաստելով մարդու և բնության մերձեցմանը, նրանց միջև ճշմարիտ հարաբերությունների հաստատմանը։ Սա խիստ արդիական է հատկապես հոկտեմբերի վերջին տասնօրյակում Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շեմին։ Կազմակերպիչների մտահղացմամբ՝ փառատոնը վերածվելու է այս հարաբերությունների ներդաշնակության դրսևորման հարթակի։ Նպատակն է ապացուցել, որ հասարակության տարբեր խավերի, տարբեր մասնագիտության տեր մարդկանց համախմբումն ընդհանուր գաղափարի և երազանքի շուրջ ունակ են ապահովել բաղձալի արդյունք։ Տվյալ դեպքում՝ նպաստելով համայնքի զարգացմանը ոչ միայն չվտանգել, այլև պահպանել բնությունն ու շրջակա միջավայրը և ուրվագծել այդ թվում էկոտուրիզմի տարածման հեռանկարները։
Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ «Եղեգիս ֆեսթ»-ն իրականացվում է «Մեղմելով՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Միջոցառումը ֆինանսավորվելու է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի , Bears in Mind foundation-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջոցով: Կազմակերպիչներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Մեծ Բրիտանիայի կառավարության «Դարվինի նախաձեռնություն»-ը (Darwin Initiative), ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, «Bears in Mind» հիմնադրամը։
Քաղցր իրարանցում
Սպասվող իրադարձության համակարգող Լիլիթ Խաչատուրյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնի կիզակետը լինելու է Հորս գյուղը, որը հայտնի է իր յուրահամ մեղրով։ Ասում են՝ այն վաղուց գնահատել են ոչ միայն գիտակները, այլև մեղրի ամենափափուկ և ամենաուժեղ սիրահարները՝ արջերը։
Տեղում գործելու է 40 տաղավար, որոնցում, բացի Հորսից, ներկայացված են լինելու նաև համայնքի մյուս 11 գյուղերը՝ յուրաքանչյուրն իր բերք ու բարիքով, հյուրընկալ բնակիչների ձեռքերի ջերմությամբ համակված ու վարպետորեն պատրաստված տարբեր իրերով, գյուղատնտեսական արտադրանքով և, իհարկե, մեղրով, գինիով ու թեյերի տեսականիով, քանի որ Վայոց ձորը հայտնի է նաև խոտաբույսերի հարուստ բազմազանությամբ։ Սակայն շեշտը դրվելու է մեղրի և դրանից պատրաստված տարբեր արտադրատեսակների վրա։

«Այս ամենով հանդերձ, ամենակարևորը, թերևս, մարդկային ջերմությունն ու շփումն է, որի պակաս, վստահ ենք, չի լինի։ Այդ նպատակին են ծառայելու նաև ուսուցողական և պարզապես զվարճալի տարբեր դասընթացներն ու արհեստանոցները (workshop)։ Հյուրերը կարող են փորձել սեփական ձեռքերով որևէ իր, տեղական ինքնատիպ ուտեստ, գաթա կամ լավաշ, նույնիսկ, եղինջից մանրաթել պատրաստել ու մանրադիտակի միջոցով ծանոթանալ տերևների կառուցվածքին և առանձնահատկություններին։ Անշուշտ, մասնագետների օգնությամբ։ Մաստերկլասներից յուրաքանչյուրին մասնակցելու համար սահմանված է 1500 դրամ խորհրդանշական վճար»,- պատմեց Լիլիթ Խաչատուրյանը։
Նախատեսված են նաև բնապահպանական ուղղվածության ինտելեկտուալ խաղեր, որոնք մասնակիցներին սովորեցնելու են ճիշտ հարաբերվել կենդանիների հետ և համապատասխան մոտեցում դրսևորել բնության պահպանության հարցերին և խնդիրներին։
Մասնակիցներին նաև առաջարկվելու է պատկերազարդելով «Ներկիր ինքդ» կոչվող 2.6×1.6 մետր չափսերով պատը՝ համատեղ ջանքերով նպաստել արվեստի յուրահատուկ գործի ստեղծմանը։

Լիլիթ Խաչատուրյանի կարծիքով՝ այդ օրը որևէ մեկին դժվար թե հաջողվի խուսափել շփման, ուսուցման և սեփական ունակությունները դրսևորելու համընդհանուր մթնոլորտից։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի բոլորը՝ բնիկ, թե զբոսաշրջիկ, դառնան փառատոնի ակտիվ մասնակիցներ, այդ թվում՝ զբոսավարների ուղեկցությամբ կազմակերպվելիք տարբեր տուրերի ներգրավվելու միջոցով։ Իսկ այցելավայրերի ընտրությունը տպավորիչ է՝ Սմբատաբերդ, Եղեգիսի եկեղեցի, հրեաների գերեզմանոց, Հորսի լիճ։

Տեղացիներն առանձնակի ոգևորությամբ են սպասում իրենց հեքիաթային բնակավայրի գրավչությունը բացահայտելու հնարավորությանը։ Իսկ երեխաներն իրենց հետաքրքրությունն ունեն․ Եղեգիս համայնքի դպրոցների աշակերտները ցուցահանդեսի ձևաչափով ներկայացնելու են իրենց հեղինակած թեմատիկ նկարները, որոնցից երեք լավագույնների համար սահմանված են հատուկ նվերներ։
Էլ ի՞նչ փառատոն՝ առանց համերգի
Այս ամենը բառիս բուն և փոխաբերական իմաստով դժվար կլինի մարսել առանց երաժշտության։ Կազմակերպիչները հոգացել են նաև այդ մասին․ փառատոնի բազմաձայնությանը համերգային կատարումներով միանալու են «Լավ էլի» բենդը՝ ռոք կատարումներով, Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրները, Եղեգնաձորի համույթը, ինչպես նաև տեղացի կատարողներ։ Ընդ որում՝ ամեն ինչ արվել է երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց գրավելու համար։ Ակնկալվում է, որ փառատոնը կարող է ունենալ մինչև 4000 այցելու։
Արջեր կլինեն, բայց․․․

Մեղրը, որպես կանոն, ասոցացվում է մեղուների և արջերի հետ։ Վերջիններիս տեղի բնակիչները պատմվածքներից կամ հեքիաթներից չեն ծանոթ։ Իսկ քանի որ այս տարածաշրջանը Հայաստանում արջերի տարածման հիմնական արեալներից է՝ փառատոնի անվանման քննարկումների ընթացքում հնչել է նաև «Արջատոն» տարբերակը, որը, սակայն, չի հաստատվել։ Գրավչության, մարքեթինգի նկատառումներով նախապատվությունը տրվել է «Եղեգիս Fest» անվանմանը։
Իսկ արջեր լինելու են։ Միայն թե՝ լուսանկարվելու համար նախատեսված ստենդներին պատկերված։ Այնպես որ՝ հավանաբար կհաջողվի վերադառնալ անտառային այս հսկաների հետ յուրօրինակ լուսանկարով։ Մեղր էլ կարելի է համտեսել՝ առանց վախենալու, որ այս հարցում ձեզ հանկարծ կընկերակցի արջը։ Միջոցառումն անցնելու է նաև էլեկտրական հովիվների աչալուրջ հսկողությամբ։
Փառատոն և բնապահպանություն
Միջոցառման կարևորագույն նպատակներից է նաև բնապահպանական խնդիրներին ուշադրություն հրավիրելը։ Ի թիվս այլ միջոցների՝ տարածքում բացառվելու է պլաստիկե իրերի օգտագործումը, խթանվելու է էկոփաթեթավորման սկզբունքը։ Կուտակված աղբն անպայման տեսակավորվելու է, ձեռնարկվելու են նաև տեղեկացման այլ միջոցներ և միջոցառումներ։ Այս ամենը կարող է նպաստել նաև տեղում էկոզբոսաշրջության զարգացմանը։
Այս փառատոնը, նշում են կազմակերպիչները, միջազգային կարևոր հարթակ է, որտեղ մեկտեղվում են կանաչ օրակարգը, էկոտուրիզմը, մարդ-վայրի բնություն համակեցության ու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները։
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ․ ինչպե՞ս հասնել տեղ
Լիլիթ Խաչատուրյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ապահովել ավտոբուսներ, որոնք անվճար կտեղափոխեն մարդկանց մի մասին։ Նաև համագործակցություն է հաստատվել տաքսի ծառայություններից մեկի հետ, որի մեքենաներով հնարավոր կլինի հասնել Հորս՝ ուղևորության համար վճարելով 4000 դրամ։
Մեկնումը Երևանից հուլիսի 25-ին ժամը 07:40-ին Հանրապետության հրապարակից։ Վերադարձը՝ նույն օրը, համերգային ծրագրի ավարտից հետո։
Փառատոնը մեկնարկելու է ժամը 11:30-ին և նախատեսվում է ավարտել 20։30-ին։
Փառատոնի ծրագրային ընդհանուր պատկերը
11:30 – 12:30 –Փառատոնի բացում և պաշտոնական հյուրերի (դեսպաններ, պետական այրեր, FPWC ղեկավարություն) ելույթներ։
12:45 – 16:00 - Eco-Hub & Workshops. Թակարդ-տեսախցիկների ցուցադրություն, «Եղինջից մանրաթել», վերամշակում, մեղրամոմե կտորաթերթերի պատրաստում։
13:00 – 16:00 - Գաստրո-գոտի և տուրեր. Տեղական ավանդական ուտեստների համտես (քրճիկ, քյալագյոշ, թոնրի լավաշ/գաթա) և տուրեր դեպի Սմբատաբերդ ու Զորաց տաճար։
16:30 – 19:00 - Գլխավոր համերգ. Արսեն և Արթուր Սաֆարյանների և լեգենդար «Լավ էլի» բենդի կենդանի ելույթները։

Ավելորդ չէ իմանալ
Աշխարհում կա կենսաբազմազանության թեժ կետ համարվող ընդամենը 36 գոտի։ Հայաստանը, հատկապես, Վայոց ձորի այս հատվածը, գտնվում է դրանցից մեկի սրտում։ «Թեժ կետ» նշանակում է ոչ միայն եզակի հարստություն, այլև բարձր զգայունություն ու վտանգվածություն։ Եղեգիսում իրար կողքի ապրում են Կարմիր գրքի «աստղերը»՝ բեզոարյան այծերը, գորշ արջերն ու կովկասյան հովազը։ Սա բնության խճանկար է, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսի հետ։
Այս էկոլոգիական շղթայում հանրահայտ լեռնային մեղրը հանդես է գալիս ոչ թե որպես առանձին արտադրանք, այլ որպես տարածաշրջանի առողջության բնական ցուցիչ։ Չոր ու տափաստանային կլիմայում, անգամ մերկ ժայռերի արանքում աճող վայրի ֆլորան ու դեղաբույսերը թույլ են տալիս մեղուներին ստեղծել բացառիկ եզակի ու մաքուր արդյունք։ Մեղվի գոյությունն ու մեղրի որակը մարդու և բնության փոխշահավետ կապի ամենախոսուն գործնական ապացույցն են։
