Էջմիածնի Մայր տաճարը շուրջ 12 տարվա հիմնանորոգումից հետո վերաօծվեց և դռները բացեց հանրության առջև
6 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի 301-303 թվակններին կառուցված Մայր տաճարը շուրջ 12 տարի տևած հիմնանորոգման աշխատանքներից հետո Վարագա Սուրբ խաչի տոնին՝ 2024 թվականի սեպտեմբերի 29-ին, կրկին բացեց իր դռները հանրության առջև՝ արդեն վերաօծված։ Մայր տաճարի ամբողջական վերաօծումը կատարվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ վերաօծման նավակատիքին։
Ն․Ս․Օ․Տ․Տ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին երկրորդի ձեռամբ սեպտեմբերի 29-ին մեկ օր առաջ օրհնված Սրբալույս մյուռոնով օծվեց Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի Սուրբ սեղանը, այնուհետև, արդեն վերաօծված Մայր տաճարում տերունական «Հայր մեր»-ից հետո մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների հայոց թեմերի հոգևորականներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, ուխտավորներ։ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները Մայր տաճար այցելեցին ընտանիքների ուղեկցությամբ։
Ավագ խորանից հանրությանն ուղղված իր խոսքում պատարագիչ վեհափառն ընդգծեց՝ Տերունահաստատ Սուրբ Էջմիածինը՝ լուսավորչակերտ Մայր տաճարով, հավաստիքն է Աստծո հետ հավիտենական ուխտի։ Նա հայրապետական պատգամ հղեց՝ հույսով ու լավատեսությամբ լծվել կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա։ Գարեգին երկրորդը ժողովրդին հորդորեց իրենց ներսում զորացնել ազգանվիրումի, եղբայրսիրության ու համերաշխության ոգին․
«Համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցությամբ, որ հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։ Կրթենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական։ Արդ, ապրենք ու գործենք հոգևոր արթնությամբ, մեր պետությունը, մեր ազգային կյանքը զորացնելու վեհ ու պայծառ տեսլականով»։
Անենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական խոսքում չմոռացավ նաև Մայր տաճարի նորոգությունն իրականացրած վաստակաշատ, բազմահմուտ շինարարին, ճարտարապետներին, նկարիչ վերականգնողներին և ներգրավված մյուս մասնագետներին, ովքեր, կաթողիոսի կոսքով, բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը։
Վերաօծված Մայր տաճարում առաջին աղոթքը վեհափառն ուղղեց Հայաստանի և աշխարհի խաղաղության համար։
«Հոգենորոգ այս պահին հայրապետական մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդի զավակներին։ Խնդրում ենք Աստծո ողորմությունն ու զորակցությունը հարազատ բնօրրանից բռնի տեղահանված արցախահայությանը, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակներին։ Հայցում ենք, որ հավատքով ու հույսով զորացյալ և սիրով միասնական ազգս հայոց աստվածահաճո իրագործումներով շենացնի ու պայծառացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը, և թող Միածնի Իջման Սուրբ Սեղանից շողարձակող օրհնություններն ու շնորհները սփռվեն համայն մեր ժողովրդի կյանքին»,- եզրափակեց հայրապետական իր կոնդակը Ամենայն հայոց կաթողիկոսը։
Իր բազմադարյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Մայր տաճարը վերանորոգվել է։ Այս անգամ վերանորոգման ընթացքում այն ամբողջությամբ ամրակայվել է, արտաքին ողջ պարագծով իրականացվել է ցամաքորդային ցանց՝ վերնաշերտային ջրային հոսքերի հեռացման նպատակով։ Վերանորոգվել են տանիքը, մեծ գմբեթը, զանգակատները։ Հարավային զանգակատունն ամբողջությամբ ապամոնտաժվել ու հիմնովին կառուցվել է։ Մայր տաճարում առաջին անգամ օդափոխության համակարգ է դրվել, հատակը ծածկվել է մարմարե նոր սալիկներով։ Տեղադրվել են լուսասարքեր։ Ի դեպ, վերնորոգման շրջանակում 2017 թվականից Մայր տաճարի դռները փակ են եղել։
Վերանորոգման աշխատանքներից անմասն չի մնացել նաև տաճարի շրջակայքը․ կանաչապատ գոտիները ստացել են գեղարվեստական ձևավորում՝ հոգևոր այդ միջավայրն առավել գրավիչ դարձնելով։
Տաճարի որմնանկարները վերականգնվել են։ Ուշագրավ է, որ այդ աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որմնանկարչական մի քանի հիմնաշերտեր։ Բացված տարբեր շերտերի պահպանված պատառիկները ապամոնտաժվել, կոնսերվացվել ու հանձնվել են Մայր աթոռի թանգարաններին՝ պահպանության և ցուցադրության նպատակով։
Հատկանշական է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր կառուցման պատմությամբ և ճարտարապետական լուծման եզակիությամբ քրիստոնեական աշխարհի առաջին տաճարն է։
Մայր Տաճարի վերանորոգման առիթով ազգային եկեղեցական բարերարներին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հանձնվեցին նորահաստատ «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ։