Դրոնով եռալեզու իրազեկում, շուրջօրյա պարեկություն. Սևանում հանգստացողներն ապահով ձեռքերում են
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարար ծառայության տնօրենի հրամանով 2024 թվականի հուլիսի 1-ից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողներն անցել են ուժեղացված շուրջօրյա ծառայության՝ կապված լողասեզոնի բացման հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կառույցի աշխատանքին տեղում ծանոթացող լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը վստահեցրեց՝ ջրային պարեկների ներկայությունը Սևանի ավազանում իրենց հանգիստն անցկացնողներին վստահություն ու ապահովություն է հաղորդում.

«Մարդիկ ուրախ են, որ ջրային պարեկային վաշտ է հիմնվել, իրենց ավելի անվտանգ ու պաշտպանված են զգում»:
Հուլիսի 1-ից առ այսօր Սևանի առաջին, երկրորդ, երրորդ հանրային լողափներում և Շորժայի հատվածում գրանցվել է 20 դեպք՝ որից 5-ը ջրահեղձումից փրկելու դեպք է։ Դժբախտ ելքով դեպքեր մեկ ամսվա ընթացքում չեն գրանցվել։
Հունիսի 1-ից ծառայությունը նաև նորամուծություն է գործարկել․ հանգստի համար Սևանի ավազանը նախընտրած քաղաքացիներն անօդաչու թռչող սարքերի միջոցով երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) իրազեկվում են անվտանգության կանոնների մասին:

«Իրազեկման աշխատանքները տալիս են շատ մեծ արդյունք։ Մեծ արդյունք է տալիս նաև Փրկարար ծառայության և պարեկային ծառայության համագործակցությունը»,- նկատեց Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը վստահեցրեց՝ Փրկարար ծառայությունը հագեցած է համապատասխան տեխնիկայով, ջրային տրանսպորտով՝ այն ամենով, ինչն անհրաժեշտ է ծառայությունը շուրջօրյա իրականացնելու համար.
«Բնականաբար, բարելավելու տեղ կա, կարծում եմ՝ 2025 թվականի լողասեզոնին էլ ավելի վերազինված ծառայություն կմատուցենք մեր հանգստացող քաղաքացիներին»:
Ջրային պարեկային ծառայությունը ևս համալրված է այն ամենով, ինչն անհրաժեշտ է ջրում վտանգավոր իրավիճակում հայտնված քաղաքացուն օգնություն ցույց տալու համար: Փրկարարներն աչալրջությամբ հետևում ու հիմնականում իրենք են առաջինը նկատում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին.

«Ջրում հայտնված քաղաքացուն փրկելու համար ծառայությունը համալրված է փրկարարական միջոցներով՝ լողամիջոցներով, ժիլետներով, փրկարարական օղակներով, պարաններով…Պարեկային ծառայության արդյունքն է, որ սեզոնի սկսելուց ի վեր քաղաքացիների ջրահեղձության դեպքեր, մոտորանավակների մասնակցությամբ դժբախտ պատահարներ չեն գրանցվել»,- նշեց Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, մայոր Դավիթ Գալոյանը:

Ի հակադրություն դրա՝ քիչ չեն օրենքով սահմանված կարգով տուգանված քաղաքացիներն: Օրինախախտ հանգստացողների համար դրամապանակները դատարկելու հիմնական պատճառ են դառնում ոչ սթափ վիճակում կամ առանց բաճկոնի ջրային սկուտեր վարելը, նաև՝ չգրանցված լողամիջոցից օգտվելը:

«Այս ընթացքում հաճախ հանդիպող օրինախախտներն առանց փրկարարական բաճկոնի լողամիջոց վարողներն են։ Օրենքով սահմանված կարգով՝ ջրի վրա է իրականացվում տուգանելու գործընթացը․ քաղաքացուն հրավիրում ենք մեր նավ, կազմում ենք արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ ու բարի ճանապարհ ենք մաղթում»,-նկատեց Դավիթ Գալոյանը:
Ջրափրկարարական գույքով, սարքերով հագեցված մեքենան տեղ է զբաղեցնում հանրային լողափում: Դրա մեջ գտնվում են փչովի մոտորանավակներ, օդաբալոններ, փրկարարական հանդերձանք, նաև՝ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ:

Սևան Ազգային պարկի 3 հանրային լողափներում ծառայությունն իրականացնում է ընդհանուր 21 ջրափրկարար: Բացի հանրային լողափները՝ կա ջրափրկարարական հիմնական կետ, որտեղ տեղակայված է ևս 12 հոգի:

Անդրադառնալով հարցին, թե ինչ տեխնիկայի կարիք ունի փրկարար ծառայությունը՝ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գոռ Հովհաննիսյանը նկատեց.
«Միակ խնդիրը բարոկամերայի խնդիրն է՝ ջրասուզակների ծառայության հետ կապված: Բայց դա ամբողջ հանրապետությունում չկա: Իհարկե, մենք դեռևս դրա անհրաժեշտությունը չենք ունեցել, բայց համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ դրա անհրաժեշտությունը կա»:
Պարեկային ծառայություն իր գործունեությունն անցկացնում է ոչ միայն Սևանի ավազանում, այլև՝ հարակից համայնքներում:

Ինչպես ցամքում, այնպես էլ ջրում իրավախախտին հայտնաբերելու դեպքում տուգանելու գործընթացը նույն կերպ է կազմակերպվում: Ի դեպ, լրագրողների այցի ընթացքում Սևանա լճի հենց մեջտեղում իրավախախտման դեպք արձանագրվեց.

«Օրինակ, առանց բաճկոնի սկուտեր վարող իրավախախտին մոտեցնում ենք ափ, նույնականացնում ենք անձին ու տեղում իրականացնում վարչարարություն: Եթե այլ խնդիրներ չեն առաջանում, բաժին տանելու անհրաժեշտություն չի լինում»,- գործընթացը ներկայացրեց Խուդինյանը
Այնուամենայնիվ, ավելորդ չէ հիշեցնել՝ որքան էլ Սևանն ու Սևանում հանգստացողներն ապահով ձեռքերում են՝ մարդկանց զգոնությունը չկորցնելը եղել ու մնում է անվտանգության հիմնական նախապայմանը:
Նելլի Մարգարյան
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան
Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան
