Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանկարթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։
Միաժամանակ դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարաններում (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):
Փոխհատուցումը կատարվում է յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: