Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում «ԲԻՄ Ինժեներինգ» ընկերության խորհրդատվական թիմն անցկացրել է հանրային լսում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հանրային քննարկումը վարել է «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։ Բանախոսի ներկայացմամբ՝ Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի ավազանի կեղտաջրերի հավաքման, հեռացման և մաքրման համակարգերը՝ նպաստելով Սևանա լճի ջրի որակի պահպանմանը, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը և բնակչությանը մատուցվող սանիտարական ծառայությունների բարելավմանը։ Ծրագրով նախատեսվում է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցել կեղտաջրերի մաքրման նոր կայաններ և ընդլայնել գործող կոյուղու ցանցերը, արդիականացնել կեղտաջրերի մաքրման կայանները, ինչպես նաև կենտրոնացված կոյուղու համակարգին միացնել հարակից բնակավայրեր, այդ թվում՝ Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ բնակավայրերը՝ ի թիվս ծրագրում ներառված այլ բնակավայրերի։
«Հանրային լսման նպատակն էր՝ մասնակիցներին ներկայացնել Ծրագրի հիմնական նպատակները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ապահովել նրանց իրազեկումն ու մասնակցությունը Ծրագրի նախապատրաստման գործընթացին։ Հանդիպման ընթացքում բանախոս Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց Ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսվող և ընթացիկ տեխնիկական ուսումնասիրությունները, բնապահպանական և սոցիալական գնահատման նպատակներն ու հիմնական մոտեցումները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։