«Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտները ելույթ կունենան STARMUS VIII փառատոնի շրջանակում
4 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ի լուսնային վերջին՝ «Արտեմիս-2» պատմական առաքելության երկու անդամներ՝ ամերիկացի աստրոնավտ Վիկտոր Գլովերը և կանադացի աստրոնավտ Ջերեմի Հանսենը որպես բանախոսներ կմասնակցեն STARMUS փառատոնին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2011 թվականից ի վեր կազմակերպվող փառատոնը, որի համահիմնադիրներն են հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու աստղաֆիզիկոս, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, այս տարի կկայանա հոկտեմբերի 17-22-ը իսպանական Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։
«Մեծ պատիվ է STARMUS VIII-ի շրջանակում լինել այսքան նշանավոր գիտնականների և գիտության, տիեզերքի ու մշակույթի ոլորտների առաջատար ներկայացուցիչների կողքին և STARMUS-ի համայնքի հետ կիսվել «Արտեմիս-2» առաքելության փորձով։ Փառատոնը ստեղծում է յուրահատուկ միջավայր, որտեղ հետաքրքրասիրությունը, բացահայտումը և հետազոտելու մարդու ձգտումը միավորվում են: Եվ ես ուրախ եմ լինել այդ երկխոսության մասնակից՝ նոր գաղափարներ քննարկելու և հաջորդ սերնդին ոգեշնչելու համար, որպեսզի նրանք նայեն վեր, համարձակ երազեն և բացահայտեն աշխարհը»,- իր մասնակցության մասին նշել է Ջերեմի Հանսենը։
«Արտեմիս-2» առաքելությունը դարձավ դեպի Լուսին առաջին արշավախումբը 1972 թվականի դեկտեմբերին իրականացված «Ապոլոն-17» ծրագրից ի վեր։ Առաքելության շրջանակում չորս աստրոնավտ տեղափոխվեցին ավելի հեռու, քան երբևէ եղել էին մարդիկ և պտույտ կատարելով Լուսնի շուրջ, վերադարձան Երկիր։
STARMUS VIII-ն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։
Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։
Փառատոնի համահիմադիր Գարիկ Իսրայելյանը դեկտեմբերի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Ջեյն Գուդոլի պատվին նոր մեդալ ստեղծելու մասին, որը կոչվելու է Jane Goodall Earth Medal։ Եթե Հոքինգի մեդալը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար, ապա Ջեյն Գուդոլի անվան մեդալը տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման գործում։ Հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։
2022 թվականին փառատոնն անց էր կացվել Հայաստանում։