Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի, կշարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է գերմանական «GIZ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնյա Կուրցին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցին, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսին, կազմակերպությունների այլ պատասխանատուների։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով Սևանա լճի էկոհամակարգերի բարելավման և կայուն զարգացման նպատակով մարզի որոշ բնակավայրերում և նախակրթական հաստատություններում կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծման, դրանց կառուցման նպատակով համապատասխան նշանակության հողատարածքների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր, ծրագրի հետ կապված այլ մանրամասներ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել «GIZ» կազմակերպության կողմից վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերի նշանակությունը և հավաստել, որ շարունակելու է համագործակցված քայլեր կատարել՝ ի նպաստ Սևանա լճի կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման։