Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքի վրա․ տնտեսագետ
20 րոպեի ընթերցում

Ռուսական շուկայում հայկական արտադրանքի ներկայության սահմանափակումը Հայաստանին դրդել է ակտիվացնել առևտրատնտեսական կապերի բազմազանեցմանն ուղղված ջանքերը։ Առայժմ դա դրսևորվում է եվրոպական ուղղությամբ կատարվելիք համեստ քայլերով՝ հանրային տիրույթում ուղեկցվելով Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության շուկաների հակադրման և դրանցից մեկի նախապատվության մասին քննարկումներով։ Ընդ որում, այս բազմաձայնության մեջ, կարծես, անտեսվում է նաև հարավային և արևելյան հասանելի շուկաների յուրացման կարևորությունն ու անհրաժեշտությունը, որն ավելի իրատեսական է դառնում Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման խորապատկերում։
Հրատապ այս թեմայի վերաբերյալ քննարկումների աշխարհագրությունն ընդլայնելու փորձ է «Արմենպրես»-ի հարցազրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Տաթևիկ Վարդանյանի հետ։
- Արդյո՞ք Հայաստանի առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը պետք է սահմանափակվի ԵԱՏՄ կամ ԵՄ ուղղություններով, թե՞ զուգահեռաբար պետք է ավելի խորացնել հարաբերությունները նաև ահռելի շուկաներ ունեցող Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչին կարող է նպաստել Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր հանգուցալուծումը և հարավային ծովային երթուղու բնականոն շահագործման վերականգնումը։
- Արտաքին տնտեսական կապերի տարբերակումը ցանկացած երկրի կայուն տնտեսական զարգացման կարևոր նախադրյալ է։ Հայաստանի պես փոքր և բաց տնտեսությունների համար միշտ էլ ռիսկային է մեկ կամ երկու շուկաներից կախվածությունը։ Հետևաբար, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքի վրա, այսինքն` անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել հարաբերությունները ինչպես ավանդական գործընկերների, այնպես էլ հեռանկարային նոր շուկաների հետ։
Անշուշտ, Հայաստանի առաջ տնտեսական նոր հեռանկարներ ու հնարավորություններ կուրվագծվեն, եթե Իրանը իր նկատմամբ պատժամիջոցների ու անվտանգային սահմանափակումների մեղմացումից հետո կարողանա հնարավորինս արագ և լիարժեք ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։ Այս պարագայում Իրանը պետք է դիտարկել ոչ միայն որպես շուրջ 93 միլիոն բնակչություն ունեցող շուկա, այլև՝ ռազմավարական տարանցիկ հանգույց, որը կարող է Հայաստանը կապել Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավային Ասիայի երկրների հետ։ Դա ինքնին կնպաստի լոգիստիկ ծախսերի նվազմանը, փոխադրումների ժամկետների կրճատմանը և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում։
Այդ իրավիճակում առանձնակի կարևորվելու են Չինաստանի ու Հնդկաստանի շուկաները։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսական աճի հիմնական մասը ձևավորվելու է հենց Ասիայում։ Չինաստանը շարունակում է մնալ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը և համաշխարհային արտադրության ապահովման կենտրոնը, իսկ Հնդկաստանը՝ ամենաարագ աճող խոշոր տնտեսություններից մեկը։ Երկու երկրներում էլ արագ ընդլայնվում է միջին խավը, ինչը մեծացնում է որակյալ սննդամթերքի, խմիչքների, առողջապահական, կրթական և այլ ծառայությունների պահանջարկը։
Սակայն կարևոր է չգերագնահատել միայն շուկաների մեծության գործոնը։ Չինաստանն ու Հնդկաստանը չափազանց մրցակցային շուկաներ են, որոնցում Հայաստանը չի կարող մրցել արտադրության ծավալներով կամ ցածր գնով։ Մեր երկրի առավելությունը պետք է պայմանավորված լինի արտադրանքի բարձր որակով, նիշային արտադրանքի թողարկմամբ, հայկական ծագման ապրանքանիշով (բրենդով) և բարձր ավելացված արժեքով։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես ավելի շատ արտահանելն, այլ ավելի մրցունակ և արժեքավոր արտադրանք արտահանելը։
Միաժամանակ նոր շուկաների որոնումը չպետք է իրականացվի ավանդական գործընկերների հաշվին։ Եվրոպական միությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բարձր վճարունակությամբ շուկա է, որտեղ կա բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի և ծառայությունների պահանջարկ։ Ուստի Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է հիմնված լինի ոչ թե աշխարհաքաղաքական ընտրության, այլ տնտեսական պրագմատիզմի վրա՝ միաժամանակ ամրապնդելով ներկայությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, ինչպես նաև աստիճանաբար ընդլայնելով համագործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի և Ասիայի մյուս արագ զարգացող շուկաների հետ։ Միայն նման բազմակողմանի մոտեցումը կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու ապահովել դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։
- Ինչպիսի՞ն են Հնդկաստանի ու Չինաստանի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի կառուցվածքն ու վիճակագրությունը մինչև իրանա֊-ամերիկյան այս պատերազմը և ներկայում։
- Չինաստանի և Հնդկաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են զարգացման տարբեր փուլերում, ինչն ակնհայտ երևում է նաև պաշտոնական վիճակագրությունից։ Չինաստանը վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Եթե 2020 թվականին Հայաստանից Չինաստան արտահանումը շուրջ 290 մլն ԱՄՆ դոլար էր, ապա 2024-ին այն արդեն կազմում էր 1.1 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով գրեթե 3.8 անգամ։ Նույն ժամանակահատվածում ներմուծումը 674 մլն դոլարից հասել էր 1.73 մլրդ դոլարի։ Արդյունքում, 2024 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում էր շուրջ 2.8 մլրդ դոլար։
Սակայն այս թվերը վերլուծելիս՝ կարևոր է ուշադրություն դարձնել նաև դրանց արտացոլած ծավալների կառուցվածքին։ Հայաստանից Չինաստան արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի և թանկարժեք մետաղների արտահանման ծավալների ավելացմամբ, մինչդեռ ներմուծման կառուցվածքում գերակշռում են մեքենաները, սարքավորումները, էլեկտրոնիկան և արդյունաբերական նշանակության արտադրանքը։ Այսինքն՝ առևտրաշրջանառության ծավալներն աճում են, սակայն արտահանման կառուցվածքը դեռևս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ։
Այս միտումը պահպանվում է նաև 2026 թվականին։ Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում 12.2 %-ից հասել է 14.5-ի, իսկ երկկողմանի առևտրաշրջանառությունն ավելանալով 19.4 տոկոսով՝ կազմել է 914.5 մլն դոլար։ Սա վկայում է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Չինաստանի նշանակության շարունակական աճի մասին։
Հնդկաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության պատկերն այլ է։ Թեև վերջին տարիներին երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունն ակտիվացել է, առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար փոքր են։ 2024 թվականին Հայաստանից Հնդկաստան արտահանումը կազմել է 36.4, իսկ այդ երկրից ներմուծումը՝ 233.5, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը՝ շուրջ 270 մլն դոլար։ Եթե դիտարկենք վերջին հինգ տարիների դինամիկան, ապա կտեսնենք, որ Հայաստանից Հնդկաստան արտահանման ծավալները զգալիորեն տատանվել են․ 2021 թվականին այն գերազանցել էր 126 մլն դոլարը, սակայն հետագայում նվազել է։ Միաժամանակ, ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է գրեթե երեք անգամ՝ 85 մլն դոլարից հասնելով 233 միլիոնի։ Այսինքն, Հնդկաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններում առայժմ գերակշռում է ներմուծումը, իսկ արտահանման ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չինաստանի պարագայում Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե առևտրի ծավալներն են, այլ արտահանման կառուցվածքը, իսկ Հնդկաստանի դեպքում՝ առկա տնտեսական ներուժի ավելի արդյունավետ օգտագործումը։ Այս երկու ուղղություններով ցուցանիշների բարելավումը կարող է էապես նպաստել Հայաստանի արտահանման աշխարհագրության և կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։
Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների վրա իրանա-ամերիկյան վերջին ճգնաժամի ազդեցությանը, ապա պաշտոնական վիճակագրությունը դեռևս ամբողջությամբ չի արտացոլում այն։ Արտաքին առևտրի ցուցանիշները սովորաբար հստակեցվում են որոշ ժամանակ անց։ Սակայն, եթե լարվածությունը պահպանվի և խոչընդոտի Իրանի տարածքով բեռնափոխադրումներին, ապա նախևառաջ կաճեն լոգիստիկ ծախսերը, կերկարեն փոխադրումների ժամկետներն ու կմեծանան ապահովագրական ռիսկերը։ Դա կդրսևորվի հատկապես հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններում, քանի որ Հայաստանի համար դեպի Հնդկական օվկիանոս ամենակարճ ցամաքային ճանապարհն անցնում է Իրանի տարածքով։ Մինչդեռ, տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայրի ձևավորման պարագայում Հայաստանը կստանա ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային և Հարավ-արևելյան Ասիայի հետ տնտեսական կապերն ընդլայնելու լրացուցիչ հնարավորություն։
- Ի վերջո, պատկերավոր ասած՝ հայկական տանձը կարո՞ղ է պահանջարկ վայելել Ճապոնիայում։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում հայկական գյուղատնտեսական և այլ արտադրատեսակները ճապոնական շուկա հասցնելու և վաճառելու հնարավորությունները։
- Եթե պատասխանեմ կարճ, ապա՝ այո, կարող է։ Սակայն, հաջողությունը կախված կլինի ոչ այնքան արտադրանքի որակից, որքան ճապոնական շուկայի պահանջներին այն համապատասխանեցնելու մեր կարողությունից։ Ճապոնիան աշխարհի ամենապահանջկոտ, բայց նաև ամենավճարունակ շուկաներից մեկն է։ Ճապոնացի սպառողը բարձր պահանջներ է ներկայացնում ոչ միայն արտադրանքի որակի, այլև սննդամթերքի անվտանգության, փաթեթավորման, արտադրության հետագծելիության և մատակարարումների կայունության նկատմամբ։ Հետևաբար, այդ շուկայում հաջողության հասնելու համար բավարար չէ պարզապես լավ արտադրանք ունենալ. անհրաժեշտ է նաև ձևավորել վստահություն։
Հայաստանն ունի մի շարք ապրանքներ, որոնք կարող են հետաքրքրել ճապոնացի սպառողին։ Խոսքը ոչ միայն թարմ մրգերի, այլ առաջին հերթին վերամշակված գյուղմթերքի՝ չրեղենի, մեղրի, բնական հյութերի, մուրաբաների, գինու, կոնյակի, հանքային ջրերի, բուսական թեյերի և այլ բնական արտադրանքների մասին է։ Այս ապրանքներն ունեն ավելի երկար պահպանման ժամկետ, ավելի հեշտ են տեղափոխվում և ավելի մրցունակ են հեռավոր շուկաներում։ Սակայն ճապոնական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք գործնական խնդիրներ՝ ապահովել միջազգային սերտիֆիկացում, համապատասխանել բուսասանիտարական պահանջներին, զարգացնել մատակարարումների սառը շղթան (ջերմաստիճանի նկատմամբ խիստ զգայուն ապրանքների արտադրության, պահպանման և տեղափոխման պայմանների ապահովումը ողջ ճանապարհի ընթացքում՝ արտադրողից մինչև վերջնական սպառող - խմբագր․) և ձևավորել երկարաժամկետ համագործակցություն ճապոնական ներմուծողների և դիստրիբյուտորների հետ։ Առանց այս նախադրյալների՝ նույնիսկ բարձրորակ արտադրանքը դժվար կլինի հասցնել սպառողին։
Միաժամանակ կարևոր է, որ հայկական արտադրանքը Ճապոնիայում ներկայացվի ոչ միայն որպես սննդամթերք, այլև որպես մշակութային և ազգային ինքնություն կրող ապրանք։ Ճապոնական շուկայում մեծ արժեք ունեն արտադրանքի ծագումը, պատմությունը և բրենդը։ Հենց այստեղ Հայաստանն ունի մրցակցային առավելություն։
Հետևաբար, եթե կարողանանք համատեղել արտադրանքի բարձր որակը, միջազգային ստանդարտներին համապատասխանությունը և արդյունավետ արտահանման համակարգը, ապա հայկական արտադրանքը լիովին կարող է հաստատվել նույնիսկ աշխարհի ամենապահանջկոտ շուկաներից մեկում։ Հարցը ոչ թե այն է, թե արդյոք ճապոնացի սպառողը կհետաքրքրվի՞ հայկական արտադրանքով, այլ այն, թե որքա՞ն արդյունավետ կկարողանանք այն ներկայացնել և կայուն կերպով հասցնել այդ շուկա։
- Շարունակելով շարժվել արևելյան ուղղությամբ՝ ինչպե՞ս կգնահատեք հայկական արտադրանքի հնարավոր մուտքը կորեական շուկա, ընդ որում՝ ոչ միայն Հարավային։
- Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան տնտեսական տեսանկյունից չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։ Եթե Հարավային Կորեան աշխարհի առաջատար տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություններից մեկն է, ապա ԿԺԴՀ-ն շարունակում է մնալ փակ տնտեսություն՝ միջազգային խիստ պատժամիջոցների և սահմանափակ արտաքին տնտեսական կապերի պայմաններում։ Հետևաբար, Հայաստանի համար այս երկու ուղղությունների տնտեսական նշանակությունը սկզբունքորեն տարբեր է։
Հարավային Կորեան Հայաստանի համար կարող է հետաքրքիր լինել ոչ միայն որպես արտահանման շուկա, այլև որպես ներդրումային և տեխնոլոգիական գործընկեր։ Կորեական շուկայում կայուն պահանջարկ կա բարձրորակ և անվտանգ սննդամթերքի նկատմամբ, ուստի հայկական գինին, կոնյակը, չիրը, մեղրը, հանքային ջրերը, օրգանական գյուղմթերքը և այլ վերամշակված արտադրատեսակներ այնտեղ կարող են ունենալ իրենց սպառողը։ Սակայն այստեղ էլ հաջողության համար անհրաժեշտ է համապատասխանել կորեական շուկայի որակական և տեխնիկական պահանջներին, ունենալ միջազգային սերտիֆիկացում, զարգացած լոգիստիկա և հուսալի գործընկերային ցանց։ Միաժամանակ, Հարավային Կորեան կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի տնտեսության արդիականացման գործում։ Երկիրը համաշխարհային առաջատարներից է բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական արտադրության, ագրոտեխնոլոգիաների և լոգիստիկ լուծումների ոլորտներում։ Այս ուղղություններով համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն արտահանման աճին, այլև արտադրության արդյունավետության, վերամշակման և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը Հայաստանում։
Հյուսիսային Կորեայի դեպքում իրավիճակն ամբողջովին այլ է։ Միջազգային պատժամիջոցները, սահմանափակ արտաքին առևտուրը, ֆինանսական գործարքների բարդությունները և բարձր քաղաքական ռիսկերը գործնականում բացառում են այդ երկիրը որպես հայկական արտադրանքի հեռանկարային շուկա։ Այս փուլում տնտեսական համագործակցության իրական հնարավորությունները չափազանց սահմանափակ են, ուստի Հայաստանի արտահանման քաղաքականության տեսանկյունից այն չի կարող դիտարկվել որպես առաջնահերթ ուղղություն։
Այսպիսով, եթե Հարավային Կորեան Հայաստանի համար կարող է դառնալ բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանման, ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության կարևոր գործընկեր, ապա Հյուսիսային Կորեան ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում գործնականում չի կարող համարվել իրատեսական շուկա։ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը պետք է կենտրոնանա այն երկրների վրա, որոնք ունեն բարձր գնողունակություն, կանխատեսելի տնտեսական միջավայր և երկարաժամկետ համագործակցության իրական հնարավորություններ։
- Կարո՞ղ եք առանձնացնել հայկական արտադրանքի սպառման հեռանկարային այլ ուղիներ և երկրներ։
- Կարծում եմ՝ Հայաստանի արտահանման ապագան կախված է ոչ այնքան նոր շուկաներ գտնելու, որքան այդ շուկաներում մրցունակ ներկայություն ապահովելու կարողությունից։ Այսօր արդեն ակնհայտ է, որ մեկ կամ երկու շուկաների վրա հիմնված արտահանման մոդելը երկարաժամկետ կայուն զարգացում ապահովել չի կարող։ Ուստի մեր առաջնահերթությունը պետք է լինի արտահանման աշխարհագրության ընդլայնումը՝ պահպանելով ավանդական շուկաները և միաժամանակ մուտք գործելով նոր, բարձր գնողունակությամբ տնտեսություններ։
Բնականաբար, ԵԱՏՄ-ն և Եվրոպական միությունը շարունակելու են մնալ Հայաստանի հիմնական գործընկերները, սակայն առաջիկա տարիներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև Հարավային և Արևելյան Ասիայի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների շուկաներին։ Այս տարածաշրջաններում ընդլայնվում է միջին խավը, բարձրանում է բնակչության գնողունակությունը և մեծանում է որակյալ ներմուծվող արտադրանքի նկատմամբ պահանջարկը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական արտադրողների համար։
Միաժամանակ, արտահանման մասին խոսելիս չպետք է սահմանափակվենք միայն ապրանքներով։ Հայաստանի մրցունակությունը կարող է զգալիորեն բարձրանալ նաև ծառայությունների արտահանման միջոցով։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտական, կրթական և բժշկական ծառայությունները, զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերությունները այն ոլորտներն են, որտեղ կարող ենք ընդլայնել մեր ներկայությունը միջազգային շուկաներում։
Սակայն, իմ համոզմամբ, Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե շուկաների պակասն է, այլ արտահանման կառուցվածքը, որը դեռևս հիմնականում արտահայտվում է սահմանափակ տեսականիով և հումքային արտադրանքով։ Երկարաժամկետ արդյունք հնարավոր կլինի ապահովել միայն այն դեպքում, եթե զարգացնենք վերամշակող արդյունաբերությունը, ներդնենք նոր տեխնոլոգիաներ, բարձրացնենք արտադրանքի որակը և ձևավորենք միջազգային շուկաներում ճանաչելի «Made in Armenia» ապրանքանիշ։
Մյուս կարևոր ուղղությունը արտահանման ամբողջ ենթակառուցվածքի զարգացումն է։ Խոսքը միայն արտադրության մասին չէ։ Անհրաժեշտ են արդյունավետ լոգիստիկ համակարգեր, ժամանակակից պահեստային տնտեսություն, միջազգային սերտիֆիկացում, արտահանման ֆինանսավորման և ապահովագրության գործիքներ, ինչպես նաև տնտեսական դիվանագիտության ավելի ակտիվ դերակատարում։ Այս բոլոր օղակներն են ձևավորում այն միջավայրը, որը թույլ է տալիս արտադրողին կայուն կերպով ներկայանալ արտաքին շուկաներում։
Ի վերջո, կարծում եմ, Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է հիմնված լինի երեք սկզբունքի վրա՝ շուկաների դիվերսիֆիկացում, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի զարգացում և միջազգային մրցունակության շարունակական բարձրացում։ Եթե կարողանանք համատեղել այս երեք ուղղությունները, ապա Հայաստանը ոչ միայն կընդլայնի իր արտահանման աշխարհագրությունը, այլև կբարձրացնի տնտեսության դիմակայունությունն ու երկարաժամկետ աճի ներուժը։
