Տնտեսություն

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

3 րոպեի ընթերցում

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ գլխավոր տնօրենի տեղակալների, մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների, ինչպես նաև Երևան քաղաքի շահագործման շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԷՑ-ից, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։

« Համաժողովի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի 196 երկրներից ժամանած պատվիրակությունների։ Ավելի քան 15 հազար հյուրեր, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կմասնակցեն համաշխարհային բնապահպանական նշանակության միջոցառումներին, որոնց պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում կատարվող պլանային և վթարավերականգնողական բոլոր աշխատանքները մշտադիտարկվում են. սահմանվել է խիստ վերահսկողություն՝ ժամկետները չխախտելու և կատարվող աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված վթարային անջատումների միջին տևողությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն կրճատվել է:

«Ձմռանն ընդառաջ Երևանում և մարզերում բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում ենթակայանները, օդային և մալուխային գծերը, ստուգվում և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգվում են՝ բաշխիչ ցանցի պատշաճ աշխատանքն ու բնակիչներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով: Տարիներ շարունակ բավարար տրանսպորտային միջոցներ չունեցող ՀԷՑ-ի ավտոպարկը առաջիկայում կհամալրվի 25 նոր «Pickup» տեսակի մեքենաներով, 6 ավտոաշտարակներով ու 3 մանիպուլյատորներով՝ զգալիորեն բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատելով աշխատանքների տևողությունը: Բոլոր տրանսպորտային միջոցները ծառայելու են բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,-տեղեկացնում են ՀԷՑ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում