Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք
1 րոպեի ընթերցում

Աջափնյակ վարչական շրջանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, իրականացված և նախատեսվող աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախագծերի շրջանակում բակային տարածքներում հարմարավետ միջավայրի ապահովմանը զուգահեռ կառուցվում են խաղահրապարակներ, զրուցատաղավարներ, տեղադրվում են նստարաններ, ինչպես նաև կառուցվում են ֆուտբոլի խաղադաշտեր։ Ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված և անհարմար բակերը մաքրվում ու հանձնվում են բնակիչների տնօրինմանը։ Ֆիզիկայի բանավանի նախկին այգու տարածքը ևս, որը վերածվել էր աղբավայրի, վերադարձվել է երևանցիներին՝ որպես հանգստի նոր գոտի։ Տարեկան ծրագրերով վարչական շրջանում իրականացվում են նաև մայթերի բարեկարգման աշխատանքներ։ Շինարարների փողոցում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները, դրանց փոխարեն կձևավորվեն կանաչ գոտիներ և կկառուցվեն մայթեր»,-նշված է հաղորդագրության մեջ։