Հայաստան

Հայաստանում վերջին տասնամյակում արջերի հետ կապված 10-12 միջադեպ է գրանցվել, որոնցից միայն մեկն է եղել մահվան ելքով․ բնապահպանության մասնագետ

9 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին տասնամյակում արջերի հետ կապված 10-12 միջադեպ է գրանցվել, որոնցից միայն մեկն է եղել մահվան ելքով․ բնապահպանության մասնագետ

Հայաստանում, ինչպեսև ամբողջ աշխարհում, տարեցտարի արտահայտվում, տարբեր դրսևորումներ է ստանում մարդու և բնության հավերժ հակադրությունը։

Մեր երկրում դրա առանձնահատկությունների, որոշ մարտահրավերների և խնդիրների կարգավորման լուծումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանի հետ։

Հարցազրույցը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելության շրջանակում։ Այդ իսկ պատճառով մեր զրուցակիցն առավել մանրամասն անդրադարձել է այս տարածաշրջանի բնապահպանական որոշ խնդիրների։ 

- Հայաստանում որքանո՞վ է հրատապ ու կարևոր մարդու և վայրի բնության միջև կոնֆլիկտի խնդիրը։

- Հայաստանի տարբեր մարզերում այն սրվել է հատկապես վերջին շուրջ 10 տարիների ընթացքում՝ պայմանավորված լինելով նաև կլիմայի փոփոխությամբ։ Մարդիկ հետզհետե ընդլայնում են իրենց ներկայությունը վայրի բնության տարածքներում՝ դրանք վերածելով վարելահողերի, խոտհարքերի, տնտեսական գործունեության այլ տեսակների ծավալման վայրերի։ Այդպիսով, ըստ էության, կրճատում և աղճատում են վայրի կենդանիների տարածման ու ազատ տեղաշարժի տարածքները՝ առաջացնելով կոնֆլիկտ։

Վայոց ձորի մարզում առավել սուր է մեղվապահների բազմամյա պայքարը մեղվակեր թռչունների դեմ։ Կա նաև ջրասամույրների վերացման վտանգ, որոնց ներկայությունից և պատճառած վնասներից դժգոհ են ձկնաբուծարանների և ձկնային տնտեսությունների աշխատակիցները։ Իսկ առհասարակ՝ ամբողջ աշխարհում է ուժեղանում մարդ-վայրի բնություն հակադրությունը։

- Վայոց ձորում հրատապ է նաև արջե՞րի արշավանքների կանխումը։

- Այո։ Արջերը Հայաստանի ամենամեծ կաթնասուններն են, բայց նաև գիշատիչներ են, ուստի մարդիկ ձգտում են հնարավորինս հեռու մնալ այս կենդանիներից և առավել հաճախ են ահազանգում բնակավայրերի մոտ նրանց հայտնվելու մասին։

Մարզի բնակավայրեր արջերի ներթափանցման դեպքերի քանակն արդեն մի քանի տարի տատանվում է 100-200-ի սահմանում։ Տարվա ընթացքում պատճառած վնասը 12-20 մլն դրամ է, մինչդեռ մեկ արջը գնահատվում է մոտ 3 մլն դրամ։ Կարծում եմ՝ Հայաստանն ունի այս խնդրի լուծման գործիքներ, որոնց կիրառումը կհանգեցնի ներթափանցումների քանակի կրճատմանը։

- Գրանցվե՞լ են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր, այդ թվում՝ մահացու ելքով։

- Վերջին տասնամյակում ամեն տարի գրանցվել է հարձակման կամ մարդու և արջի հանդիպման 1-2 դեպք։ Դրանցից միայն մեկն է ավարտվել մահվան ելքով, եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մի քանի տարի առաջ Արագած լեռան լանջերին սարսափելի մեծ չափերի արու արջը (մոտ 300 կգ կշռող) հարձակվել էր լեհ զբոսաշրջիկների վրա, որոնցից մեկի համար այդ հանդիպումը ճակատագրական էր եղել։

- Իսկ հովազներն ավելի հազվադե՞պ են մոտենում մարդկանց կացարաններին։

- Հովազների հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ մեր երկրում այս կենդանու թվաքանակն անհամեմատ քիչ է, տարածման արեալն էլ՝ ավելի սահմանափակ։ Բացի այդ, հովազը այլ վարքագիծ դրսևորող կենդանի է․ հեռու է մնում մարդկանցից, քանի որ վայրի բնությունում ապահովված է որսի համար անհրաժեշտ տարածքով և սննդով։ Մի քանի տարի առաջ Հայաստանում գրանցվել էր մարդու վրա հովազի հարձակման դեպք, բայց դրան նախորդել էր կենդանու ուղղությամբ կատարած կրակոցը։

- Որքանո՞վ է սուր մեղվակեր թռչունների հետ կապված խնդիրը, դրա լուծման ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում։

- Հայաստանում կա մեղվակերների երկու տեսակ՝ կանաչ և ոսկեգույն։ Դրանցից առաջինը գրանցված է Կարմիր գրքում և պաշտպանված է՝ ի տարբերություն երկրորդ տեսակի։ Այս թռչունները սնվում են մեղուներով և մեղվապահները չեն գտել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ, քան նրանց որսալը։ Դա վտանգում է այս թռչունների պոպուլյացիան Հայաստանում։ Պետք է նշել, որ մեղվակերները բնադրում են մեր երկրում, բայց ցուրտ ժամանակաշրջանում չվում են Աֆրիկա՝ այդ ընթացքում բախվելով բնական և մարդածին բազմաթիվ խոչընդոտների։ Նրանց պահպանությունը շատ կարևոր է, քանզի այս թռչունները նշանակալի դերակատարում ունեն բնության մեջ։ Այս առումով անհրաժեշտ է ծանոթանալ նրանց առնչվող խնդիրների լուծման միջազգային փորձին, վերլուծել այն և գտնել մեր դեպքում կիրառելի առավել արդյունավետ տարբերակը։ Մեղվակերը որսի տեսակ չէ, նրան որսալու ցանկացած փորձ ապօրինի է։

- Թեմայի համատեքստում անդրադառնանք նաև ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակումների դեպքերին, որոնք ուղեկցվում են անգամ բնակավայրերում գտնվող անասնագոմեր նրանց ներխուժման միջոցով։ Սա նույնպե՞ս պետք է դիտարկել մարդ-վայրի բնություն հարաբերությունների հարթությունում, թե՞ վկայում է գիշատիչների վարքագծի փոփոխության մասին։

- Անշուշտ, սա կոնֆլիկտի դրսևորում է։ Երբեմն խնդրի արդյունավետ լուծում է այսպես կոչված «էլեկտրական հովիվներ»-ի կիրառումը։ Ընդհանրապես, այս հարձակումներին դիմակայելու վերաբերյալ ուսումնասիրությունները շատ են։ Օրինակ, առաջարկվում է, որ անասնագոմերը լինեն ոչ թե անկյունաձև, այլ կլոր, որպեսզի գայլը չկարողանա մեկ անկյուն մղել ամբողջ հոտը և հոշոտել բոլոր կենդանիներին։ Տարբեր երկրներում տարածված է նաև կենդանիների վզին մետաղե շղթաների ամրացումը, ինչը նվազեցնում է մարմնի այս խոցելի մասից հոշոտվելու վտանգը։ Եվ, իհարկե, ընտանի կենդանիների պահպանության արդյունավետ միջոց է շների ներգրավումը։ Այսինքն, համապարփակ լուծումների կիրառմամբ, կարծում եմ, հնարավոր է մեղմել խնդիրը։

Իրականում Հայաստանում բավականին նվազել են ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման դեպքերը։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր երկրի հյուսիսային շրջաններում լայնորեն տարածված է «էլեկտրական հովիվներ»-ի կիրառումը։ Այնուհանդերձ, վերջերս գրանցվել էր գայլերի հարձակման և տնտեսվարողին խոշոր վնաս պատճառելու ևս մեկ դեպք։ Պատճառները տարբեր են, բայց անվիճելի է նաև այն, որ մարդիկ նույնպես պետք է ավելի զգոն լինեն ու կարողանան հնարավորինս արագ արձագանքել հարձակմանը՝ խոշոր կորուստներից խուսափելու համար։

- Հայաստանում նկատվո՞ւմ է գայլերի քանակության ավելացում։

- Այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև գիտական պատշաճ ուսումնասիրություններ չեն իրականացվել և գնահատականները սահմանափակվում են առանձին մասնագետների դատողություններով։

- Թերևս, մարդ-վայրի կենդանիներ հակադրության դրսևորում է նաև տարբեր սողունների և միջատների հայտնվելը բնակարաններում կամ դրանց մոտ։ Ի՞նչ պատկեր ունենք այստեղ և ինչպե՞ս կարելի է մեղմել իրավիճակը։

- Դա չէի համարի երկկողմանի կոնֆլիկտի դրսևորում, քանի որ դրա բնորոշիչներից է կենդանու կողմից նյութական վնասի պատճառումը։ Իսկ մոտակայքում օձերի ներկայությունն ավելի շուտ մարդկանց կյանքին և առողջությանն առնչվող խնդիր է։ Մյուս կողմից՝ մարդիկ պետք է հիշեն, որ օձերը նաև կարևոր նշանակություն ունեն, քանզի նպաստում են գյուղատնտեսական տարածքներում կրծողների քանակության կարգավորմանը։ Պարզապես պետք է լինել հնարավորինս զգույշ և պատրաստված օձերի հետ հանդիպմանը, ունենալ խայթոցի դեմ համապատասխան պատվաստանյութեր։ Նաև անհրաժեշտ է բնակարանները տարբեր միջոցների կիրառմամբ հնարավորինս զերծ պահել սողունների և թունավոր միջատների ներխուժումից։

- Ներկայում ներգրավվա՞ծ եք բնապահպանական որևէ ծրագրում։

- Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ այժմ իրականացնում ենք ծրագիր, որի նպատակն է կլիմայական փոփոխությունների համատեքստում մեղմել մարդ-արջ կոնֆլիկտը, զարգացնել համայնքների դիմակայունությունը և բարձրացնել նրանց կայունությունը։ Ծրագրի շրջանակում հավաքվում և վերլուծվում են տարբեր տվյալներ, որոնց հիման վրա կայացված բնապահպանական որոշումներն արդեն իսկ ապահովում են արդյունք և հնարավորություն տալիս մեղմել գյուղացիներին հասցված վնասները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում