Տեսանյութ

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միրգ-բանջարեղենի վաճառքի կետերում։ Հասարակության շրջանում մտահոգություն էր առաջացրել օրերս սոցիալական ցանցերում տարածված այն տեսանյութը, որում խոսվում էր մրգի վրա  «Դիխլոֆոս» տեսակի նյութի օգտագործման մասին։ Տեսչական մարմինը գնում է այդ մտահոգությունների հետքերով։

Կառույցի մասնագետները պատահականության սկզբունքում խանութ առ խանութ շրջում են` չշրջանցելով խոշոր առևտրի կետերը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչ Կորյուն Սամսոնյանը նշեց, որ նմուշներ են վերցնում, կապարակնքում՝ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով։

«Նմուշները ներկայացնելու ենք լաբորատոր քննության՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործվում են միջատասպան նյութեր։ Պերիմետրին և ցիպերմետրին ցուցանիշներով տեսնելու ենք խնդիր կա, թե ոչ։ Եթե պարզվի, որ կան խախտումներ, ապա օրենքով նախատեսված կարգով ընթացք կտրվի, առկա խմբաքանակը կոչնչացվի և տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,-ասաց Կորյուն Սամսոնյանը։

Տեսուչը վստահեցնում է, որ միրգ-բանջարեղեն իրացնող առևտրի կետերում նոր չեն իրականացնում ստուգումներ։ Դրանք միշտ եղել են իրենց ուշադրության կենտրոնում։ Պարզապես վերջին դեպքով պայմանավորված՝ կրկին ստուգայցեր են կատարում։

Ինչ վերաբերում է կոնկրետ կրպակին, որտեղ օրերս քաղաքացին ահազանգել էր «Դիխլոֆոս» տեսակի նյութի օգտագործման վերաբերյալ, ապա տեսչական մարմնից նշում են, որ փորձաքննության արդյունքների համաձայն նեկտարինի նմուշներում հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք չեն եղել թույլատրելիից ավելին։

Ամեն դեպքում, մասնագետները քաղաքացիներին հորդորում են ուշադիր լինել և հարցերի, խնդիրների դեպքում կապ հաստատել տեսչական մարմնի հետ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում