Իրավունք

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում դատարան է ներկայացվել ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։

Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։

Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում