Վարչապետը խոսել է միջպետական ճանապարհներին խցանումների հնարավոր աճի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանում ավտոմեքենաների թվի աճի պայմաններում անհրաժեշտ է նոր ճանապարհներ և գործող երթուղիների այլընտրանքներ ստեղծել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում՝ ճանապարհաշինական ծրագրերի քննարկման ժամանակ։
«Շուտով մենք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,— ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ որոշ օրերին և սեզոններին այդ ճանապարհներին երթևեկության դժվարություններ արդեն նկատվում են, ուստի պետք է մարդկանց տեղաշարժի այլ տարբերակներ ապահովել։
Փաշինյանն այդ համատեքստում առանձնացրել է Տավուշում Ենոքավան–Կարմիրգյուղ ճանապարհի հիմնանորոգումը։ Վարչապետի խոսքով՝ գոյություն ունեցող գրունտային ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատվելու է։ Նա հիշեցրել է նաև Աթան–Ենոքավան ճանապարհի կառուցման ռազմավարական նշանակության մասին։
Անդրադառնալով Այգեհովիտ–Վազաշեն–Պառավաքար–Այգեպար ճանապարհին՝ Փաշինյանը նշել է, որ դրա հիմնանորոգմամբ դեպի Բերդ տանող ևս մեկ բարեկարգ ուղղություն կապահովվի։
Վարչապետի գնահատմամբ՝ ճանապարհային կապերի բարելավումը կարող է նպաստել Բերդի և հարակից բնակավայրերի տնտեսական ու զբոսաշրջային ակտիվությանը։