Տնտեսություն

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

10 րոպեի ընթերցում

«Armenia Expo-2026»-ի բացման արարողությունը
«Armenia Expo-2026»-ի բացման արարողությունը

Երևանում ընթացող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Armenia Expo-2026» եռօրյա ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն մեկ վայրում է համախմբել 9 երկրի 150 գործարարների և ընկերությունների։

Ամենամյա այս միջոցառման մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին բացման արարողության ժամանակ շնորհավորեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը։

«Արդեն 25 տարի ամենամյա պարբերականությամբ հավաքում ենք Հայաստանի և արտերկրի տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու մեր արդյունքները, հավակնոտ ծրագրերը, փորձելու այս հարթակում գտնել նոր գործընկերներ, նոր շուկաներ։ Այսօր ցուցահանդեսին մասնակցում են 150-ից ավել գործարարներ, ընկերություններ՝ 9 երկրից։ Սա վկայում է այն մասին, որ ցուցահանդեսը 25 տարվա ընթացքում եղել է սպասվող, և հարթակ է, որտեղ գործարարը փորձում է ինքնահաստատել իր ծրագրերը և գտնել գործընկերների։ Բոլորիս մաղթում եմ կոնկրետ բիզնես ծրագրերի և հանդիպումների իրականացում»,- նշեց նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Գասպարյանը նկատեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո մասնակցում է իր առաջին առաջին պաշտոնական միջոցառմանը։

«Իրականում այսօր նաև նշում ենք երկու կարևոր հոբելյան՝ «Armenia Expo-2026»-ի հիմնադրման 25 և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 30-ամյակը։ Այս ճանապարհը նաև ցույց է տալիս, թե որքան մեծ ջանք է գործադրվել այս արդյունքներին հասնելու համար։ Այդ առումով պետության տեսլականը շատ հստակ է՝ ուզում ենք ստեղծել նորարար, ստեղծագործ, արդյունավետ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն։ Ուզում եմ առանձնահատուկ ողջունել նաև մեր միջազգային գործընկերներին, միջազգային ներդրողներին։ Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բաց է, և պատրաստ է աջակցել, որպեսզի միասին ստեղծենք Հայաստանի տնտեսության ապագան»,- վստահեցրեց նա։

Իրաքի Քրդստանի տարածաշրջանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սարար Քամալ Հավարին նշեց․

«Մեծ հաճույք և պատիվ է այսօր այստեղ Երևանում ներկայացնել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը, մեր պաշտոնյաներին, պատվիրակությունը և Քուրդիստանի տարածաշրջանի մեծ թվով գործարարներին։ Ուզում եմ ջերմորեն շնորհավորել կազմակերպիչներին և ներկաներին այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ։ Նման միջոցառումներն արժեքավոր հարթակ են ստեղծում բիզնեսների համար և նոր հնարավորություններ՝ տարածաշրջանում հարաբերություններ ստեղծելու համար։ Մենք խորապես համոզված ենք, որ մեր բիզնես համայնքների միջև ավելի սերտ համագործակցություններ կարող են առաջանալ»։

Իրաքի ներմուծումների և արտահանողների միության Քրդստանի տարածաշրջանի վարչության նախագահ շեյխ Մուստաֆա Աբդուլան իր ներկայացրած տարածաշրջանային կառավարության անունից այս ցուցահանդեսին մաղթեց հաջողություն, իսկ բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ հանդիպումներ։

«Արազ» ազատ տնտեսական գոտու խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն դոկտոր Հադի Մողադամզադեն նշեց, որ «Armenia Expo»-ի շրջանակներում կկարողանան զարգացնել տնտեսական կապերը և նոր համագործակցություն ձևավորել Հայաստանի և Իրանի միջև։

«Իրանը հնարավորությունների երկիր է։ Այդ հնարավորությունները չեն սահմանափակվում միայն Իրանով։ Դրանցից կարող են օգուտներ քաղել նաև մեր բարեկամ հարևան երկրները։ Ուղղակի հարկավոր է, որ ճիշտ սխեմայով և ճարտարապետությամբ ստեղծվի տնտեսական համագործակցություն։ «Արազ» ազատ տնտեսական գոտին գտնվելով Իրանի հյուսիս-արևելյան հատվածում և Հայաստանի սահմանի մոտ, ունենալով բարենպաստ եղանակային և աշխարհաքաղաքական պայմաններ՝ կարող է շատ հարմար հարթակ հանդիսանալ երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ։

«Արազ» ազատ տնտեսական գոտին ունենալով բավականին մեծ և հարմարավետ տարածք՝ շատ հարմար հարթակ է հանդիսանում տնտեսական և ներդրումային աշխատանքներ իրականացնելու համար։ Սա Իրանի արդյունաբերական ամենախոշոր տնտեսական գոտիներից մեկն է․ արդյունաբերության ոլորտից զատ հարմարավետ է նաև աշխատանքներ տանելու տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։ Ունի խոշորագույն ջերմոցներից մեկը տարածաշրջանում, որը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում։ Նաև լոգիստիկ ոլորտում շատ հարմարավետ պայմաններ կան տարածաշրջանում, որպեսզի հենց «Արազ» ազատ տնտեսական գոտում այդ աշխատանքները ծավալվի։ Զբոսաշրջության առումով նույնպես «Արազ» ազատ տնտեսական գոտին համարվում է կարևորագույն հատվածներից, քանի որ պատմական բազմաթիվ մշակութային կոթողներ գտնվում են հենց այս տարածքում»,- նշեց նա։

Հադի Մողադամզադեն ընդգծեց, որ իրենց նպատակը միայն զուտ առևտրային կապերի ձևավորմամբ չի սահմանափակվում, այլ միտված է Իրանի բարեկամ երկրների ժողովուրդների հետ փոխադարձ հարաբերությունների ստեղծմանը։ Նշվեց, որ «Արազ» ազատ տնտեսական գոտու դռները բաց են բոլորի առջև։ Իրենք պատրաստ են սիրով ընդառաջել և համագործակցել հարևան բարեկամ երկրի ներդրողների և գործարարների հետ տարբեր ոլորտներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։

«Սահմանները նրա համար չեն, որ երկրներին և ժողովուրդներին միմյանցից տարանջատեն, այլ կամուրջ են այդ երկրների ժողովուրդներին միմյանց կապելու համար»,- եզրափակեց նա։

Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան հայտնեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով Երևան է ժամանել իր ներկայացրած կառույցի 80 հոգանոց պատվիրակություն։

«Այս բացման արարողության ընթացքում լսեցի քրդերեն, պարսկերեն ելույթներ, և այժմ էլ թուրքերեն եմ խոսում։ Այսինքն՝ սա կարելի է համարել նաև լեզուների տոնավաճառ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 30, ինչպես նաև «Armenia Expo»-ի 25-ամյակը»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուտրուկը միջոցառմանը մասնակցելու հրավերի համար շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ նշեց, որ սա Հայաստանի և այլ երկրների գործարար շրջանակների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման իրապես արդյունավետ հարթակ է։ Նա հուսով է, որ հոբելյանական ցուցահանդեսը լրացուցիչ խթան կհաղորդի այդ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Ինեսա Կուտրուկը տեղեկացրեց, որ «Armenia Expo»-ում Բելառուսի ընդհանուր տաղավարում ներկայացված է այդ երկրի մի շարք խոշոր ձեռնարկությունների ներուժը։ Մասնավորապես, կաթնային, մսային արդյունաբերության, էլեկտրատեխնիկական ոլորտի արտադրանքներ, վերելակային սարքավորումներ և այլն։

Ելույթներին հաջորդեց «Armenia Expo»-ի բացման պաշտոնական արարողությունը․ ավանդական ժապավենը կտրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Այնուհետև շարունակվեցին Հայաստանի և Թուրքիայի գործարարների՝ նախորդ օրերին սկսված երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումները:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացնում է Հայաստանի ու Թուրքիայի գործարար համայնքների երկօրյա համաժողով։ Դրա նպատակն է մեկ հարթակում համախմբել երկու երկրների գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։

Համաժողովին մասնակցում են զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցությունների, առևտրի, առողջապահության և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի պետական կառույցների պաշտոնյաներ։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

«Armenia Expo-2026»-ն ավարտվելու է սեպտեմբերի 6-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում