Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը
4 րոպեի ընթերցում

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց «Մեր անկայուն տիեզերքը» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է հայրենի գիտության կարևորագույն կենտրոններից մեկի՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Հանդիսավոր նիստի բացման արարողության ժամանակ ողջունելով մասնակիցներին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց իր ղեկավարած գիտահետազոտական հիմնարկի անցած տպավորիչ ուղին, գիտական նվաճումները և ժամանակակից գործունեությունը։
Բյուրականի աստղադիտարանի գիտական ժառանգությունը կարևորեցին նաև Հայաստանի գիտակրթական այլ հաստատությունների ներկայացուցիչները և արտասահմանցի որոշ մասնակիցներ։ Ի դեպ, գիտաժողովի շուրջ ութ տասնյակ մասնակիցների թվում են ականավոր գիտնականներ, այդ թվում՝ աստղագետներ, ֆիզիկոսներ, տիեզերաբաններ, աստղագիտության ու այլ գիտակարգերում աշխատող մասնագետներ, բազմաթիվ երիտասարդ հետազոտողներ և ուսանողներ։
Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Աբրահամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ նշեց, որ անկայուն երևույթները բնորոշ են տիեզերական բոլոր մարմիններին և օբյեկտներին։
«Կարելի է ասել, տիեզերական բոլոր օբյեկտների, տիեզերքում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրություններն առնչվում են այս խորագրին։ Բյուրականյան կոնֆերանսում քննարկելու ենք խնդիրների շատ լայն տիրույթ՝ աստղերից մինչև հեռավոր գալակտիկաներ, գալակտիկայի միջուկներ, քվազարներ, բլազարներ և այլն։ Առանձին մի թեմա էլ նվիրված է պատմա-մշակութային աստղագիտությանը»,- մանրամասնեց նա։
Մեր զրուցակիցը հայտնեց նաև՝ արտասահմանցի որոշ մասնակիցներ խոստովանել են, որ իրենց համար մեծ պատիվ է զեկույցներ ներկայացնել հենց այս գիտաժողովում։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարին հագեցած է եղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված ամենատարբեր միջոցառումներով, որոնց շարքում առանձնանում է հարակից գիտությունների հետ աստղագիտության կապի վերաբերյալ մայիսին կայացած միջազգային համաժողովը։ Իսկ սեպտեմբերի 7-11-ը կազմակերպվել էր Բյուրականի միջազգային ամառային 10-րդ դպրոցը։
Առաջիկայում նախատեսված են նաև համբարձումյանական ընթերցումներ։
Գիտաժողովը շարունակվելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում և ավարտվելու է սեպտեմբերի 18-ին։ Դրա ընթացքում մեծ տեղ է հատկացվելու տիեզերքում ոչ ստացիոնար երևույթների և էվոլյուցիոն գործընթացների ուսումնասիրության գործում Վիկտոր Համբարձումյանի դերին։ Մեր աշխարհահռչակ հայրենակցի գիտական պատկերացումները և Բյուրականի աստղադիտարանում իրականացված հետագա հետազոտությունները հեղափոխական նշանակություն են ունեցել տիեզերքի զարգացման և դինամիկայի վերաբերյալ գիտնականների պատկերացումների ձևավորմանը:
Սիմպոզիումի շրջանակում սեպտեմբերի 18-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, որը Հայաստանում պաշտոնապես նշվում է նաև որպես Աստղագիտության օր, անցկացվելու է աստղագիտական փառատոն (AstroFest-2026): Այդ օրը տասնյակ գիտնականներ, ուսանողներ և այլ հյուրեր այցելելու են Բյուրականի աստղադիտարան և հանդիպելու են հետազոտողների, գրողների, բանաստեղծների, կոմպոզիտորների և նկարիչների:
