Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը
3 րոպեի ընթերցում

STARMUS փառատոնի համահիմնադիրներ Գարիկ Իսրայելյանն ու Բրայան Մեյը գիտության հանրայնացման գործում ունեցած երկարամյա ավանդի համար առաջիկա 8-րդ փառատոնի շրջանակում Սթիվեն Հոքինգի մեդալը հանձնել են օսկարակիր ռեժիսոր Ռիֆլի Սքոթին։
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, հատկապես, որ այն կրում է այսպիսի փայլուն գիտնականի անունը։ Ես նկարել եմ ֆիլմեր, որոնք հաճախ եղել են տիեզերքի ու գիտության մասին։ Ինձ համար գիտությունն արվեստի յուրահատուկ ձև է։
Այսօրվա հասարակության համար կենսական նշանակություն ունի գիտական մտքի հետ հաղորդակցվելը, և ես հաջողակ եմ եղել, որ կարողացել եմ իմ ֆիլմերի միջոցով հետաքրքրասիրություն առաջացնել հանդիսատեսի մոտ ամբողջ աշխարհում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցանակը ստանալիս նշել է Ռիդլի Սքոթը։
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ Սքոթին մեդալը հանձնվել է իր ֆիլմերի միջոցով գիտությունը մեծ էկրաններ բարձրացնելու և ֆիլմարտադրության ոլորտում երկարամյա ավանդի համար։
Ռիդլի Սքոթի ֆիլմերի ցանկում են շատերի կողմից սիրված այնպիսի կինոժապավեններ, ինչպիսիք են Alien-ը, Prometheus-ը, The Martian-ը, Blade Runner-ը։
STARMUS-ը գիտությունն ու արվեստը միավորող բացառիկ փառատոնը է, որտեղ ամենաառաջատար գիտնականները, նորարաներն ու աստրոնավտները քննարկում են տիեզերքին, գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին, մեր մոլորակի ապագային առնչվող հարցեր։ Փառատոնի համահիմնադիրներն են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։
STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականին։
2026 թվականի հոկտեմբերին Իսպանիայի Կանարյան կղզիներում տեղի կունենա STARMUS-ի 8-րդ փառատոնը։ Այն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։
Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։
Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում շնորհվելու է երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անունը կրող նոր մեդալ՝ Jane Goodall Earth Medal-ը։ Այն հանձնվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման նպատակով։ Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։
