Տնտեսություն

ԵՄ-ն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ է սահմանում

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ է սահմանում

Եվրոպական միության խորհուրդը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Նախատեսվող արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է երկու տարով վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։

Միջոցները կգործեն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկին հավանություն է տվել առանց փոփոխությունների։ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին հայտարարել է, որ որոշումը Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ Եվրոպայի աջակցության հստակ ազդակ է։

«Եվրոպան Հայաստանի և նրա ժողովրդի կողքին է, որոնք բարեփոխումների և Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի են ընտրել։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է․ տնտեսական հարկադրանքի դեպքում ԵՄ-ն կարձագանքի։ Մենք նոր հնարավորություններ կստեղծենք և կկանգնենք մեր գործընկերների կողքին»,- ասել է Մաքենթին։

Հաղորդագրության համաձայն՝ առաջարկվող կանոնակարգը նպատակ ունի աջակցել Հայաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումները խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ ուղիները։ Այն նաև միտված է Հայաստան–ԵՄ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համապատասխան։

Արտոնությունների կիրառումը պայմանավորված է լինելու Հայաստանի կողմից ապրանքների ծագման վերաբերյալ գործող կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ և եվրոպական արտադրանքի ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելով։

Հայաստանը պետք է նաև պահպանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքները, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Նախատեսված են նաև ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե հայկական արտադրանքի ներմուծումը բացասաբար ազդի եվրոպական արտադրողների վրա։

Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում կընդունի առաջարկն առանց փոփոխությունների։ Դրանից հետո ԵՄ խորհուրդը պաշտոնապես կհաստատի կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում