Հայաստան

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան նախագահությամբ հունիսի 3-ի Կոլեգիայի նիստում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է, որ նրանցից  յուրաքանչյուրից պահանջվում է իրենց աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:

Նա հավելել է, որ հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը, քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով, ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը, ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

«Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի»,-ասել է Գլխավոր դատախազը:

Նշվում է, որ դատախազության աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելուն, ուսումնասիրելուն, ստուգելուն, ըստ ենթակայության ուղարկելուն և դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 010 511-527 հեռախոսահամարով։ Թեժ գծի միջոցով ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող են փոխանցել Գլխավոր դատախազություն կամ հաղորդումն ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում