Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
2 րոպեի ընթերցում

Ավստրիան, Ղրղզստանը, Պորտուգալիան, Տրինիդադ և Տոբագոն ու Զիմբաբվեն հունիսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել են որպես 15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։Նրանց անդամակցությունը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել իրավաբանորեն պարտադիր որոշումներ, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցներ և թույլատրել ուժի կիրառում։ Խորհուրդն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։
Մնացած 10 անդամները ընտրովի են, և ամեն տարի նրանցից հինգը փոխարինվում է նոր անդամներով։ Այս տարի ընտրված անդամներից մեկը ներկայացնում է Աֆրիկյան խումբը, մեկը՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների խումբը, մեկը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան խումբը, իսկ երկուսը՝ Արևմտաեվրոպական և այլ պետությունների խումբը։
Զիմբաբվեն Անվտանգության խորհրդի կազմում կփոխարինի Սոմալիին, իսկ Տրինիդադ և Տոբագոն՝ Պանամային, Պորտուգալիան և Ավստրիան կփոխարինեն համապատասխանաբար Դանիային և Հունաստանին։ Ղրղզստանը կփոխարինի Պակիստանին։
Բահրեյնը, Կոլումբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լատվիան և Լիբերիան կշարունակեն մնալ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ մինչև 2027 թվականի վերջը։
Հունիսի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Խալիլուր Ռահմանին ընտրել էր 193 անդամ ունեցող մարմնի՝ սեպտեմբերին մեկնարկող 81-րդ նստաշրջանի նախագահ։