Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում
1 րոպեի ընթերցում

Թեհրանը և Բաղդադը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկը։
«Կողմերը համաձայնության են եկել «իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին», - դիվանագետի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը։
Դեսպանի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել համատեղ անվտանգության կոմիտեի նիստում, որին մասնակցել են իրանական պատվիրակությունը և Իրաքի ազգային անվտանգության խորհրդականը:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Բաղդադում, որին մասնակցել է նաև Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության պատվիրակությունը։ 2023 թվականին Բաղդադը և Թեհրանը ստորագրել են անվտանգության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Իրանի կառավարությանը հակառակվող զինված քրդական խմբավորումների վտարումը սահմանամերձ տարածքներից և Իրաքի տարածքի՝ Իրանի դեմ զինված գործողությունների համար օգտագործման կանխարգելում։