Աշխարհ

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

2 րոպեի ընթերցում

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Անջատողական «Քվեբեկյան կուսակցությունը» հաղթել է Քվեբեկի Ազգային ժողովի ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBC News հեռուստաալիքը:

Կուսակցությունը, սակայն, հավաքել է ձայների 28%-ը (59 տեղ), և նրան չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ 127-տեղանոց Ազգային ժողովում։

Քվեբեկի Լիբերալ կուսակցությունը հավաքել է ձայների 24,2%-ը, ինչը օրենսդիր մարմնում նրա համար ապահովել է 40 տեղ։ Քվեբեկի Պահպանողական կուսակցությունը, ստանալով ձայների 20,7%-ը, ստացել է 19 տեղ։

«Քվեբեկյան կուսակցությունը» հանդես է գալիս նահանգի պետական ինքնիշխանության օգտին։ Անջատողականները խոստանում են հանրաքվե անցկացնել Կանադայից անջատվելու շուրջ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2029 թվականի հունվարին լքի պաշտոնը, իսկ տնտեսությունը կայունանա։ Հարցումների համաձայն՝ հանրաքվեի գաղափարը պաշտպանում է նահանգի բնակչության միայն 30%-ը։

Հաղթանակի կապակցությամբ ունեցած ելույթում անջատողականների առաջնորդ Պոլ Սեն Պիեռ Պլամոնդոնը խոստացել է համագործակցել մյուս կուսակցությունների հետ։ Նա վերստին ընդգծել է Քվեբեկի անկախությանը հասնելու ձգտումը։

Լիբերալ կուսակցության առաջնորդ Շառլ Միլիարը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ունեցած իր ելույթում պատրաստակամություն է հայտնել համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ, սակայն հայտարարել է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի անկախության շուրջ հանրաքվեի գաղափարը։

Հոկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,3%։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում