Կրթություն

OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին. ԿԳՄՍՆ-ն, Firebird-ը և OpenAI-ը հուշագիր ստորագրեցին

7 րոպեի ընթերցում

OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին. ԿԳՄՍՆ-ն, Firebird-ը և OpenAI-ը հուշագիր ստորագրեցին

Արհեստական բանականության առավելություններն ավելի հասանելի կդառնան. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ը և Firebird ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շնորհիվ OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագործակցության մեկնարկային փուլում Firebird-ը և ԿԳՄՍ նախարարությունը արհեստական բանականության (ԱԲ) հասանելիություն կապահովեն Հայաստանի 50 հազար ուսանողի, ուսուցչի և հետազոտող խմբերի համար։

ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի՝ կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառել առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում այն հասանելի կլինի բոլոր ուսուցիչներին և ավագ դպրոցի սովորողներին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար ընդլայնվում են կրթական համակարգում արհեստական բանականության (ԱԲ) կիրառման և ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նախարարն ընդգծեց՝ արդեն իսկ իրականացնում են մի շարք ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, դպրոցներում ներկայումս իրականացվող «Generation AI» և «STEP.ai» կրթական ծրագրերն ուղղված են սովորողների՝ արհեստական բանականության վերաբերյալ հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԱԲ գործիքների անվտանգ, պատասխանատու և արդյունավետ կիրառման խթանմանը։

«Հայաստանը, ինչպես աշխարհի շատ առաջադեմ երկրներ, իր ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման մեջ, որի հիմքում կայացած և ժամանակակից կրթական համակարգն է։ Մենք ողջունում ենք արհեստական բանականության գործիքների հասանելիության ընդլայնմանն ուղղված այս նախաձեռնությունը, որը կստեղծի նոր հնարավորություններ մեր բուհերի, դպրոցների, դասախոսների, ուսանողների, ուսուցիչների և աշակերտների համար։

Տեխնոլոգիաները վաղուց արդեն փոխակերպում են կրթությունը, և այդ իրողության հետ հաշվի նստելը ժամանակի հրամայական է։ Արհեստական բանականության կիրառմամբ ուսուցման միջավայրերի ստեղծումը Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղություններից է։ Վստահ եմ, որ ChatGPT Edu հարթակի ներդրումը կնպաստի նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, որոնք ոչ միայն կկիրառեն տեխնոլոգիաները, այլև մասնակցություն կունենան դրանց ապագա զարգացման մեջ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց նաև, որ նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։

Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ ընդգծեց, որ տեխնոլոգիաների ապագան այնպիսի բան չէ, որը գալու է ինչ-որ հեռավոր ապագայում․ այն ձևավորվում է հենց այսօր՝ դպրոցներում, համալսարաններում և գիտահետազոտական համայնքներում։

«Մենք հավատում ենք, որ կրթության մեջ կատարվող ներդրումները ամենակարևոր ներդրումներից են, որ կարող է անել երկիրը, հատկապես ԱԲ դարաշրջանում։ Հայաստանը բացառիկ տաղանդներ ունի, և ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությամբ ապահովելը կձևավորի նորարարների նոր սերունդ։ Այս նախաձեռնությունը առանձնահատուկ է դարձնում հենց դրա հիմքում ընկած համագործակցությունը։ Սա միայն տեխնոլոգիաների մասին չէ․ սա Հայաստանի ապագայի մասին է»,- ասաց Եսայանը։

OpenAI-ի Education for Countries նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին, ով միացել էր հանդիպմանը տեսակապի միջոցով, ողջունեց ներկաներին՝ նշելով, որ կրթությունն այն կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով արհեստական բանականությունը կարող է ընդլայնել հնարավորությունները։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Firebird-ի հետ համագործակցության միջոցով մենք նպաստում ենք, որպեսզի ChatGPT Edu-ն հասանելի դառնա երկրի ուսանողներին, մանկավարժներին և հետազոտողներին՝ ապահովելով անվտանգ, ստեղծարար և արդյունավետ կերպով կիրառվող առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն։ Հայաստանը ունի հզոր մարդկային ներուժ և զարգացող թվային ենթակառուցվածք, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել ԱԲ գրագիտությամբ օժտված նորարարների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- նշեց Ջեյնա Դևանին։

Կողմերը շեշտեցին, որ ChatGPT Edu-ի ներդրումը նպատակ ունի էապես բարձրացնել ԱԲ կրթության որակը։ Դասավանդողների համար այն կդառնա աջակցող թվային գործիք, որը հնարավորություն կտա դասերի պլանավորումը, բովանդակության մշակումը և ուսուցման կազմակերպումը իրականացնել առավել ժամանակակից, հարմարեցված և նորարարական մեթոդներով։ Այն նաև կնպաստի անհատական ուսուցման մոտեցումների կիրառմանը՝ հաշվի առնելով սովորողների կարողությունները և ուսումնական կարիքները։

Ուսանողների և աշակերտների համար հարթակը կբացի նոր հնարավորություններ՝ տեղեկատվության որոնման, վերլուծության, տվյալների կիրառման և հետազոտությունների նպատակով։ Նոր հարթակը կօգնի ավելի արդյունավետ կողմնորոշվել մեծ ծավալի թվային տեղեկատվության մեջ, զարգացնել քննադատական մտածողությունը, բարելավել ինքնուրույն ուսումնառության հմտությունները՝ ուսումնական գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառումը դարձնելով համակարգված և նպատակային։

Միաժամանակ, նախաձեռնության հաջող իրականացման համար առանցքային նշանակություն ունեն էթիկայի նորմերի պահպանումը և տվյալների պատասխանատու օգտագործումը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն կդարձվի թվային գրագիտության բարձրացմանը, ԱԲ գործիքների ճիշտ կիրառման մշակույթի ձևավորմանը և կրթական միջավայրում թվային անվտանգությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում