Տեսանյութ

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

4 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից: Այս արդյունքի հետևում մեծ թիմ է և չդադարող աշխատանք:

«Բոլորն էլ մեզ համար շատ պարտավորեցնող և պատվաբեր են և ներկայացնում են չորս տարբեր ուղղություններ։ Առաջինը լավագույնի կոչումն է կորպորատիվ արժեթղթերի շուկայում, որն արտացոլում է մեր հաջողությունները թե՛ որպես տեղաբաշխող, թե՛ երկրորդային շուկայում՝ որպես շուկա ստեղծող։ Նախորդ տարի մեր թիմը, եթե նշեմ ընդհանուր ծավալը, իրականացրել է շուրջ 100 միլիարդ դրամի արժեթղթերի տեղաբաշխում տարբեր թողարկողների համար։ Երկրորդային շուկայում նույնպես եղել ենք ամենաակտիվներից մեկը՝ որպես շուկա ստեղծող»,-նշեց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում։

«Մյուս մրցանակը լավագույն հաշվետու թողարկողի կոչումն է։ Եթե նախորդ մրցանակն ավելի շատ ներկայացնում էր մեր առաջատար լինելը քանակական ցուցանիշներով, ապա այս մրցանակն ավելի շատ ցույց է տալիս մեր՝ որպես հաշվետու թողարկողի, կատարած աշխատանքի որակական գնահատականը»,-ասաց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավարը:

Մասնագետը նշում է` Ամերիաբանկի կողմից 2025 թվականին թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ։

Եվս մեկ մրցանակ Ամերիաբանկը ստացել է` ճանաչվելով Բորսայի լավագույն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում: 2025 թվականին Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգին։

«Հաճախորդներն ամեն օր, բորսայի աշխատանքային ժամերին, կարողանում են իրական ժամանակի ռեժիմում գործարքներ իրականացնել հայկական շուկայում, և այդ ինտեգրումից հետո մենք արձանագրել ենք ցուցանիշների բավականին մեծ ակտիվացում։ Անցյալ տարվա ինտեգրումից հետո կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որն այսօր բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկն է, մեր հաճախորդների գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80 տոկոսի, իսկ գործարքների քանակն աճել է ավելի քան 150 տոկոսով»,-նշեց Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

Մրցանակներից չորրորդն էլ Բանկը ստացել է դեպոզիտարիայի կողմից` որպես Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:

«Այս մրցանակներն առաջին հերթին, իհարկե, շատ պատվաբեր են, բայց նաև շատ պարտավորեցնող, որովհետև մենք, լինելով այս պահին առաջատարը և ստանալով լավագույնի կոչումները, փորձում ենք էլ ավելի բարելավել մեր ծառայությունների ցանկն ու հնարավորությունները։ Այսինքն՝ ոչ միայն ձգտել և մնալ առաջինը քանակի և ծավալի առումով, այլև լինել այն որակական չափանիշների կրողը, որին կձգտեն հետևել նաև շուկայի մյուս մասնակիցները»,-եզրափակեց Շուշանիկ Հովսեփյանը:

AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում