Չինաստան

Ուրումչի-Երևան չվերթը կամուրջ է երկու երկրների ու ժողովուրդների միջև. China Southern Airlines ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն

6 րոպեի ընթերցում

Ուրումչի-Երևան չվերթը կամուրջ է երկու երկրների ու ժողովուրդների միջև. China Southern Airlines ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն

China Southern Airlines ընկերությունը, իրականացնելով Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ չվերթները, ցանկանում է օդային կամուրջ կառուցել Հայաստանի և Չինաստանի միջև՝ ճանապարհորդությունը դարձնելով ավելի հեշտ, իսկ համագործակցությունն՝ ավելի սերտ: Ընկերության համար ակնհայտ է, որ ուղևորափոխադրումների պահանջարկն աճում է ավելի արագ, քան ակնկալվում էր, ինչը նոր խթան կհանդիսանա՝ շարունակելու առավել զարգացնել ու մեծացնելու երթուղու հնարավորությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին նշել է 2024 թվականից Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է եղել դեպի Հայաստան ուղիղ չվերթների մեկնարկի հիմնական դրդապատճառը՝ Սեն Ջիամինը մատնանշել է, որ չվերթի բացումը կարևոր քայլ է ընկերության տեսանկյունից՝ նախաձեռնությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ծառայեցնելու համատեքստում:  

Նրա բնորոշմամբ՝ այս չվերթների իրականացումը նաև Չինաստանի ու Հայաստանի միջև համագործակցությունը բարելավելու և խթանելու կարևոր միջոց է:

«Վերջին տարիներին երկու երկրների միջև բիզնեսի և մշակույթի ոլորտում համագործակցությունը զգալիորեն աճել է, ուստի օդային ավելի լավ կապերի առկայություն ունենալու անհրաժեշտություն կա: Ուրումչին կարևոր դարպաս է արևմտյան Չինաստանի համար և վերջինիս Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետ կապող հիմնական հանգույցն է: Այս երթուղով մենք ցանկանում ենք օդային կամուրջ կառուցել Հայաստանի և Չինաստանի միջև՝ ճանապարհորդությունը դարձնելով ավելի հեշտ, իսկ համագործակցությունն՝ ավելի սերտ»,-ընդգծել է Սեն  Ջիամինը:

Նա նշել է, որ 2024 թվականից սկսած, երբ մեկնարկել են ուղիղ թռիչքները Երևանի և Ուրումչիի միջև,  ուղևորափոխադրումների պահանջարկը կայուն կերպով աճում է:

«Մեկնարկի օրվանից սկսած՝ գործընթացը սահուն առաջ է գնում, իսկ պահանջարկը կայուն կերպով աճում է, ավելի արագ տեմպերով, քան սպասվում էր: 2025 թվականին մենք տեղափոխել ենք ավելի քան 20,000 ուղևոր։ 2026 թվականի առաջին երեք ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ուղևորների թիվը 2.5 անգամ աճել է։ Մենք նաև ուղևորների ցանկում ենք կառուցվածքային փոփոխություն տեսնում։ Զբոսաշրջիկներից բացի, ավելի շատ գործարարությամբ զբաղվող ճանապարհորդներ են օգտագործում Ուրումչին՝ Պեկինի, Շանհայի և Գուանչժոուի նման քաղաքների հետ կապվելու համար։ Առաջ նայելով՝ կարող ենք ասել, որ մենք վստահ ենք այս շուկայի առումով և ավելի մեծ աճ ենք ակնկալում»,-նշել է Ջիամինը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր կարող են խաղալ այս չվերթները Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական ու զբոսաշրջային կապերի ամրապնդման գործում՝ նա ընդգծել է, որ այս երթուղին միայն տրանսպորտի մասին չէ, այն կամուրջ է երկու երկրների ու ժողովուրդների միջև։  

«Զբոսաշրջության առումով այն շատ ավելի է հեշտացնում ճանապարհորդությունը, և մենք տեսնում ենք ավելի շատ չինացի այցելուների, որոնք գալիս են Հայաստան, ինչը նպաստում է տեղական հյուրանոցների, ռեստորանների և զբոսաշրջային բիզնեսների զարգացմանը։ Տնտեսական առումով այն մեծ օգնություն է գործարար ճանապարհորդություններ իրականացնողներին։ Դրա արդյունքում ավելի շատ ծավալներով բարձրորակ չինական արտադրանք է մտնում հայկական շուկա, ինչպես նաև հարմարություն է ստեղծվում հայկական մասնագիտացված ապրանքների՝ դեպի չինական շուկա մուտքի համար։ Այնպես որ, ըստ իս՝ մենք ոչ միայն ուղևորների ենք տեղափոխում, այլև իրականում օգուտներ ենք բերում միմյանց»,-ասել է China Southern Airlines ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրենը։  

Սեն Ջիամինի դիտարկմամբ՝ Հայաստանի և Չինաստանի միջև աշխարհագրությունը բարդ է, իսկ ցամաքային տրանսպորտը հաճախ դանդաղ և թանկ է, հետևաբար, այս օդային երթուղին ապահովում է երկու երկրների միջև հաղորդակցության ավելի արագ և ավելի հուսալի տարբերակ։  

«Այն հատկապես օգտակար է բարձր արժեք ունեցող կամ ժամանակային առումով արագ տեղափոխման ենթակա ապրանքների համար։ Ապագայում մենք հույս ունենք համագործակցել ավելի շատ լոգիստիկ գործընկերների հետ՝ երկկողմ առևտուրն առավել լավ առաջ մղելու համար»,-ընդգծել է նա։  

Անդրադառնալով ապագայում Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների նոր ուղղություններ բացելու կամ արդեն գոյություն ունեցող երթուղին ընդլայնելու ծրագրերին՝ China Southern Airlines ընկերության երևանյան գլխավոր գրասենյակի տնօրենը մատնանշել է, որ ընկերությունը  կշարունակի զարգացնել երթուղին՝ հիմնվելով շուկայի պահանջարկի վրա։  

«2025 թվականին մենք արդեն ավելացրել ենք հաճախականությունը՝ թռիչքների շաբաթական քանակը հասցնելով երեքի։ Մենք փնտրում ենք հնարավորություններ՝ այդ ցուցանիշը ևս մեծացնելու, ցանցը և ուղևորների համար կապերն ավելի հարմար դարձնելու ուղղությամբ»,-եզրափակել է Սեն Ջիամինը։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում