Բարձր տեխնոլոգիաներ

Eleveight AI-ը և ՀՀ ԲՏԱՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

3 րոպեի ընթերցում

Eleveight AI-ը  և ՀՀ ԲՏԱՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

Eleveight AI ընկերությունը  և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցություն են սկսում արհեստական բանականության ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 1-ին կողմերը Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։

Լրագրողների հետ հանդիպմանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ՀՀ կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Հայաստանը շատ շուտով պիտի վերածվի արհեստական բանականության գործարանների պարտեզի, և որ Հայաստանը տեխնոլոգիան օգտագործողից ու սպառողից պիտի վերածվի տեխնոլոգիա արտադրողի ու ստեղծողի, մշակողի ու արտահանողի։

«Առաջիկայում մենք Eleveight AI ընկերության հետ շատ կոնկրետ ուղղություններով քննարկումներ ենք անելու տարբեր պետական գերատեսչությունների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի տարբեր խաղացողների հետ հասկանալու, թե ինչպես կարող ենք այդ ռեսուրսների մի հատվածն ուղղել կոնկրետ կարիքների բավարարմանը հենց Հայաստանի ներսում»,-ասաց Հայրապետյանը։

Նախարարը նշեց, որ պետությունը ևս իր ներդրումն է ուզում ունենալ արհեստական բանականության ոլորտը զարգացնելու և  նորարարներին, ստարտափներին, անհատ հետազոտողներին, գիտահետազոտական խմբերին դեպի արհեստական բանականության  տեխնոլոգիաներ մղելու մեջ։

«Eleveight AI-ը ոչ միայն պետք է արտահանի հաշվողական ռեսուրսները, այն պիտի առաջարկի ամպային ծառայություններ ներքին խաղացողների համար, որոնք այդչափ ունեն այդօրինակ հաշվողական ռեսուրսների կարիքը և օրեցօր, ի ուրախություն մեզ ու մեր պետության, այդ կարիքը մեծանում է։ Սա նշանակում է, որ ընկերությունը կառավարության հետ պիտի համագործակցի՝ հասկանալու, թե որոնք են այն ռազմավարական կետերը, որտեղ կարող են լինել համագործակցություններ թե՛ պետական հատվածի, և  թե՛ տեխնոլոգիական համայնքի խաղացողների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հայեցակարգն իրականացնելու նպատակով պետությունը ստեղծել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը խողովակ է՝ հավաքելու հաշվողական ռեսուրսները և այն բաց թողնելու ինդուստրիա սուբսիդավորման տեսքով։

Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը կարևորեց հայերենով տեքստից ձայնային և հակառակը կիրառելի մոդել ունենալը։

«Քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորել համագործակցության ուղղությունները»,-ասաց նա։

Eleveight AI-ի գործարկումը դիտարկվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական  ոլորտի կարևոր քայլերից՝ երկիրը դարձնելով տարածաշրջանային ԱԲ ենթակառուցվածքների կենտրոն և նոր հնարավորություններ ստեղծելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական համայնքի համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում