Միացյալ Նահանգներ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում

3 րոպեի ընթերցում

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում

Վաշինգտոնում երկօրյա բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը և ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը համաձայնության են եկել հրադադարի հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ հրադադարը կախված է «Հեզբոլլահ»-ի կողմից կրակի լիակատար դադարեցումից և Հարավային Լիտանիի հատվածից «Հեզբոլլահ»-ի բոլոր անդամների տարհանումից։

Երկու կողմերը համաձայնել են արագորեն առաջ մղել փորձնական գոտիների ստեղծումը, որտեղ Լիբանանի զինված ուժերը կստանձնեն տարածքի բացառիկ վերահսկողությունը:

«Այս քայլերը հնարավորություն կտան առաջընթաց գրանցել համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի ուղղությամբ»,- նշվել է հայտարարության մեջ։

Լիբանանն ու Իսրայելը նաև վերահաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամական մտադրություններ չունեն և հանձնառու են «շարունակել ուղիղ բանակցությունները՝ վստահություն ձևավորելու, բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և երկու երկրների միջև համապարփակ համաձայնության հասնելու համար»։

«Միացյալ Նահանգներն ընդգծել է Լիբանանի զինված ուժերին աջակցելու իր մտադրությունը՝ նրանց կարողությունները բարելավելու և Լիբանանի տարածքում ինքնիշխանության արդյունավետ իրականացումը հնարավոր դարձնելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը վերահաստատել է, որ իր անվտանգությունը և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը կարող են ապահովվել միայն «Հեզբոլլահ»-ի զինաթափման և Լիբանանի ողջ տարածքում դրա ենթակառուցվածքների ապամոնտաժման միջոցով։

Իր հերթին, Լիբանանը վերահաստատել է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոխադարձ հարգանքի, ռազմական գործողությունների դադարեցման ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Լիբանանը «պարտավորվել է ԱՄՆ աջակցությամբ ուժեղացնել Լիբանանի զինված ուժերի կարողությունները՝ ամբողջ երկրում արդյունավետ վերահսկողություն հաստատելու համար»։

Կողմերը համապարփակ համաձայնագրի հասնելու նպատակով համաձայնել են վերսկսել քաղաքական և անվտանգության հարցերով բանակցությունները հունիսի 22-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում