ԱՄՆ-ն չունի մերձավորարևելյան պատերազմի հանգուցալուծման հստակ ժամանակացույց. իրանագետ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ ԱՄՆ-ն հասկացել է, որ ներքաշվելով Իրանի դեմ պատերազմի մեջ՝ դրանով իսկ հայտնվել է մի իրավիճակում, որից դուրս գալու հանգուցալուծումը դեռ չի տեսնում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գոհար Իսկանդարյանն անդրադարձավ մերձավորարևելյան հակամարտության ներկա փուլին, պատերազմող կողմերի դիրքորոշումներին և հնարավոր հանգուցալուծման տարբերակներին։
«Պատերազմական գործողությունները, ցավոք, շարունակվում են և արդեն թիրախավորվում են Իրանի երկրորդային ռազմավարական օբյեկտները, իսկ Նաթանզի միջուկային օբյեկտը հրթիռակոծվել է երրորդ անգամ։ Թիրախում հայտնվել է նաև Իրանի նավթագազային ոլորտը։ Օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահը սպառնաց, որ եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա իրենք հարվածներ կհասցնեն Իրանի էլեկտրական ցանցերին, ինչն ավելի կվատթարացնի բնակչության վիճակը։ ԱՄՆ-ն ակնկալում էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի և ռազմաքաղաքական ղեկավարների սպանությունից հետո երկրի պետական համակարգը կփլուզվեր՝ նախադրյալներ ստեղծելով վարչակարգի փոփոխության համար, սակայն նման բան տեղի չունեցավ։ Իրանի ժողովուրդը դրսևորեց զսպվածություն, և ոչ վաղ անցյալի ցուցարարներին դուր չի գալիս, թե ինչպես են վարվում իրենց երկրի հետ»,- նշեց Իսկանդարյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք տեղ մնո՞ւմ է բանակցությունների համար, եթե հակամարտող կողմերը միմյանց ներկայացնում են խիստ պայմաններով վերջնագրեր, իրանագետն ընդգծեց, որ ներկայում բանակցությունների հարց չկա, քանզի բոլորն ի ցույց են դրել իրենց կարմիր գծերը և պատրաստ չեն գնալ որևէ զիջման։
«Իրանական կողմը պահանջում է փոխհատուցում՝ իրեն հասցված վնասների դիմաց, հակառակ պարագայում սպառնում է փակ պահել Հորմուզի նեղուցը կամ կտրուկ բարձրացնել դրանից օգտվելու սակագներն ու այդ կերպ ծածկել վնասների զգալի մասը։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Իրանում այլևս չկան այնպիսի ռազմավարական օբյեկտներ, որոնք չեն ենթարկվել հարձակման։ Այդուհանդերձ, հետագա գործողությունների առթիվ ամերիկյան կողմի տատանումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն չունի իրավիճակի հանգուցալուծման հստակ ժամանակացույց, հետևաբար նրա քայլերը կրում են այսրոպեական բնույթ»,- ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով ստեղծված իրավիճակի վրա միջազգային կառույցների հնարավոր ազդեցության մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ թեև ՄԱԿ-ի ու Պարսից ծոցի երկրների կողմից բազմիցս հնչել են ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր, այդուհանդերձ, պատերազմն այժմ այնպիսի փուլում է, որ ընդգրկել է լայնամասշտաբ տարածքներ, և միայն կոչերով հնարավոր չէ հարց լուծել։
«Թեհրանը պահանջում է երաշխիքներ, որ ԱՄՆ-ն ամիսներ անց կրկին չհարձակվի Իրանի վրա։ Իսկ կարո՞ղ է ՄԱԿ-ը տալ նման երաշխիքներ, եթե դրա համար չունի ազդեցիկ լծակներ»,- նշեց իրանագետը։
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգների որոշ հաշվարկներ ի սկզբանե սխալ են եղել, որովհետև ամերիկյան կողմը հույս ուներ հակաիրանական կոալիցիայի շարքերում տեսնել բազմաթիվ երկրների, սակայն նման բան տեղի չունեցավ։
«Այս պատերազմական գործողություններում որևէ տրամաբանություն չկա զուտ այն առումով, որ դրանք մեկնարկել են այն ժամանակ, երբ կողմերի միջև ընթանում էին բանակցություններ։ Նույնիսկ միջնորդ Օմանի արտգործնախարարը հայտնեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն եկել էին որոշակի համաձայնությունների, սակայն բոլորը հաջորդիվ ականատես եղան պատերազմական գործողություններին։ Այդ պատճառով էլ շատ երկրներ չեն ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ, որպեսզի տարածաշրջանում չտուժեն իրենց շահերը»,- եզրափակեց իրանագետը։
