Հայաստանը դիրքավորվում է որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն
10 րոպեի ընթերցում

Firebird AI ընկերությունն օգոստոսի 8-ին Հայաստանում պաշտոնապես գործարկեց իր հավակնոտ մեգանախագիծը՝ տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության (ԱԲ) գործարանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգակենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ ԱԲ հարթակի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, համաշխարհային տեխնոլոգիական հսկա ընկերությունների, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ներդրողներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում նման գործարանի բացումը հնարավոր է դարձել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի շնորհիվ։
«Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած լինելով, որովհետև շատերին համոզիչ չէր թվում մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքը այստեղ է։ Սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է։ Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձություններից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանը այն տեղն է, որտեղ կարելի է վստահ ներդրումներ անել»,- ասաց Փաշինյանը։

Firebird AI ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի դիտարկմամբ՝ քանի որ արհեստական բանականությունը դառնում է յուրաքանչյուր ժամանակակից տնտեսության հիմնարար ենթակառուցվածքը, երկրներին անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, որոնք կարող են արագորեն ապահովել անվտանգ և ընդլայնվող ԱԲ հարթակներ։
«Firebird-ը համադրում է իր փորձառությունը, NVIDIA-ի և առաջատար ենթակառուցվածքային մատակարարների հետ ռազմավարական համագործակցությունը, ԱՄՆ կարգավորող դաշտի փորձառությունն ու ընդլայնվող միջազգային ծրագրերի պորտֆելը։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալում ենք, որ մեր գլոբալ ԱԲ ենթակառուցվածքային հարթակի ընդհանուր հզորությունը կհասնի մոտ 2 ԳՎտ-ի՝ զարգացող շուկաներին հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցել համաշխարհային ԱԲ տնտեսությանը», - ասաց Հովակիմյանը։

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ վեց ամիս առաջ տարածքում պարզապես շինհրապարակ էր, իսկ այսօր այստեղ գործում է տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը։
«Նման կարճ ժամանակահատվածում շինարարությունից մինչև գործարկման պատրաստվածության հասնելը վկայում է համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածքն աննախադեպ արագությամբ ստեղծելու Firebird-ի կարողության մասին։ Ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների տեղակայման նախատեսվող ընդլայնման ճանապարհային քարտեզով Հայաստանն արագորեն դառնում է Եվրոպայի ԱԲ հաշվարկային կարևորագույն ուղղություններից մեկը և համաշխարհային ԱԲ տնտեսության ռազմավարական կենտրոն»,- նշեց Եսայանը։

NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ներկաներին ուղղված տեսաուղերձում նշեց, որ ԱԲ գործարաններն այն ենթակառուցվածքն են, որոնք անհրաժեշտ են պետություններին գիտելիք ստեղծելու, տնտեսական աճն առաջ մղելու և ԱԲ դարաշրջանում մրցունակ լինելու համար:

«Մենք Firebird-ի հետ Հայաստանում և Ղազախստանում կառուցում ենք ենթակառուցվածք, ինչը հետազոտողներին, ստարտափներին և արդյունաբերության ոլորտներին կտրամադրի հաշվողական այն հիմքը, որն անհրաժեշտ է տեղում արհեստական բանականություն մշակելու, աշխարհից նորարարներ ներգրավելու և համաշխարհային ԱԲ տնտեսությանը մասնակից դառնալու համար»,- հավելեց Հուանգը։
NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն էլ նշեց, որ իրենք շահագրգիռ գործընկերների հետ աշխատել են տվյալ ուղղությամբ մոտ մեկ տասնամյակ։

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելեց NVIDIA 2019 թվականին, Firebird-ի գաղափարի գոյության համար սերմը տնկվեց։ Հայաստանի համար այդ սերմն աճել ու դարձել է իրականություն։ Ամեն անգամ, երբ տեղի է ունենում արդյունաբերական ու տեխնոլոգիական հեղափոխսություն, դա հնարավորություն է տալիս փոքր պետություններին հարաբերվել ամողջ աշխարհի հետ։ Այսօր մենք առաջ ենք շատ երկրներից, կարող ենք կառուցել մեր ապագան ու մասնակցել համաշխարհային տնտեսական ներուժի իրացման գործընթացին՝ լինելով առաջին ծիծեռնակները»,- ասաց Լեբարեդյանը։
Firebird ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաև ստեղծել ամենամեծ և ամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։
Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն՝ հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների։ Նախագծի շրջանակում ԱԲ ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի ամենանշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։

Կառուցված լինելով NVIDIA DSX հարթակի հիման վրա և միացված լինելով NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային համակարգին՝ Firebird-ի գործարանը մշակվել է ԱԲ ենթակառուցվածքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով․ այն թույլ է տալիս նույն տարածքում տեղադրել մինչև 40 տոկոս ավելի շատ GPU-ներ և առավելագույնի հասցնել յուրաքանչյուր մեգավատի արդյունավետությունը։
Ընկերության ընդլայնման ռազմավարությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Ղազախստանը դարձել է երկրորդ շուկան, որտեղ Firebird-ը «Data Center Valley»-ում ապահովել է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածքային հզորություն՝ ստանալով Ղազախստանի կառավարության համապատասխան հաստատումները, ինչպես նաև ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման թույլտվությունը։
Միաժամանակ, մի շարք այլ զարգացող շուկաներում ընթացող ծրագրերի շնորհիվ ընկերությունը նպատակ ունի մինչև 2028 թվականի վերջն իր ԱԲ ենթակառուցվածքային հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի՝ ձևավորելով աշխարհում ամենաարագ զարգացող ԱԲ ենթակառուցվածքային ցանցերից մեկը։
Firebird-ը նաև հայտարարեց, որ իր առաջին հաճախորդներից է Perplexity-ն։ Ընկերությունը կօգտվի Firebird-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքից՝ իր պատասխանների որոնման համակարգի և արհեստական բանականությամբ աշխատող թվային գործընկեր հարթակի աշխատանքն ապահովելու համար։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է առաջատար ԱԲ կենտրոնացված ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու և երկրի տեխնոլոգիական ու ստարտափ էկոհամակարգի հետագա զարգացումն ամրապնդելու համար։
ԱԲ գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ ԱԲ գործարանը կարող է նպաստել Հայաստանի էներգահամակարգի առավել կայուն աշխատանքին։ Հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ջուրը չի սպառվում ընթացիկ շահագործման ընթացքում և չի արտահոսում շրջակա միջավայր։
Առաջին փուլում Firebird AI-ի ԱԲ գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են սպասարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Միևնույն ժամանակ, հաշվարկային հզորությունների մի մասը նախատեսված է Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար։ Դրանք հասանելի կլինեն տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։
Նախագծի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ արտացոլվում է պաշտոնական ցուցանիշներում․ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ (մոտ 2․2 միլիոն դոլար) հարկ։
