Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

5 րոպեի ընթերցում

Գոհար Իսկանդարյան
Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարման շրջանում հայ-իրանական հարաբերություններում կողմերն ունեցել են շատ ավելի խորը համագործակցություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում է երկրի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ և թույլտվությամբ․ այսինքն՝ երկրի նախագահը դրանք իրականացնում է լավագույն տարբերակով։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիքը հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ բնութագրելով հայ-իրանական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարման շրջանում և խոսելով երկու երկրների միջև հարաբերություններ հետագա հնարավոր զարգացումների և սպասելիքներ վերաբերյալ այն բանից հետո, երբ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանագետն անհրաժեշտ համարեց արձանագրել, որ նախագահ Ռայիսիին բաժին էր հասել տարածաշրջանային անվտանգության առումով ամենածանր ժամանակահատվածը։

«Արցախյան վերջին պատերազմից հետո նա լծվեց տարածաշրջանում խաղաղություն ամրագրելու, հայկական և նաև իրանական շահերը բարձրաձայնելու գործին, որոնք համընկել էին․ դա այդ շահերը համառորեն պաշտպանելու շրջան էր։ Մենք շատ լավ հիշում ենք, որ Էբրահիմ Ռայիսին, Իրանի հոգևոր առաջնորդն, ինչպես նաև արտգործնախարար Աբդոլլահիանն էին, որոնք հստակ նշեցին, որ Իրանի և Հայաստանի սահմանը պատմական սահման է, և դա իրենց համար (խմբ․ Իրանի Իսլամական Հանրապետության) կարմիր գիծ է, և այդ սահմանների որևէ փոփոխություն նրանք չեն հանդուրժելու»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։

Նա ցավով արձանագրեց, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այդպես էլ չայցելեց Հայաստան՝ հիշեցնելով, որ այդուհանդերձ, տարբեր միջազգային հարթակներում մի քանի անգամ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնց ընթացքում իրանական կողմը բազմիցս նշել է իր քաղաքականությանը հավատարիմ մնալու հանձնառությունը։

«Այստեղ պետք է արձանագրենք նաև մեկ շատ կարևոր բան, որ Ռայիսիի կառավարման շրջանում էականորեն զարգացավ հայ-իրանական տնտեսական համագործակցությունը։ Այսինքն՝ նախկինում եղած շեմից մենք բարձրացում ունեցանք, և ակտիվորեն համագործակցություն էր գնում Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում։ Հայտնի դարձավ, որ նաև երկրորդ կամուրջն է կառուցվում Հայաստանի և Իրանի միջև, որպեսզի կողմերը մեծացնեն առևտրաշրջանառությունը։ Պարոն Ռայիսիի կառավարման շրջանում էր, որ նոր թափ ստացավ Հյուսիս-հարավ ծրագրին Հայաստանի միանալու քաղաքականությունը»,- ընդգծեց իրանագետը՝ խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

Նա ուշադրություն հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ ԻԻՀ-ի կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանն առանցքային դերակատարություն պետք է ունենա ինչպես Հյուսիս-հարավ ծրագրի, այնպես էլ Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրի մեջ։

«Մենք հստակ տեսնում էինք, որ Իրանի գործող կառավարությունը շատ լավ հասկանում էր՝ արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, և փորձ է կատարվում տարածաշրջանում նվազեցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի դիրքերը՝ շրջանցելով երկու երկրների հետաքրքրությունները։ Ուստի, շատ սթափ գնահատելով իրավիճակը, որոշում էր կայացվել էլ ավելի սերտացնել հայ-իրանական հարաբերությունները»,- ասաց Իսկանդարյանը։

Անդրադառնալով Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում սպասվող ներքաղաքական գործընթացներին՝ իրանագետը մանրամասնեց, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 131-րդ հոդվածի, որը հենց նախատեսված է Իրանի նախագահի վախճանի կամ նրա երկարատև հիվանդության պարագայում՝ երկրի կառավարման գործընթացն իր ձեռքն է վերցնում առաջին փոխնախագահը։

«Հենց այսօր այդ հարցն արդեն քննարկման է դրված, և փոխնախագահը՝ պարոն ՄոհամմադՄոհբերն, այս գործընթացը պետք է իրականացնի։ Սրանից զատ, ըստ սահմանադրության, առաջին փոխնախագահը, Մեջլիսի նախագահը և դատական համակարգի ղեկավարը 50-օրյա ժամկետում միասին պետք է Իրանում նոր նախագահական ընտրություններ կազմակերպեն։ Եվ այս ժամանակ ընտրված նախագահը պետք է հաստատվի նաև Իրանի հոգևոր առաջնորդի կողմից և անցնի իր լիարժեք աշխատանքներին»,- ասաց իրանագետը։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում