Քրիստոնյա աշխարհի աչքերի առջև Իսրայելում հայերի հանդեպ հարձակումները հանդուրժելի չեն. Արտյոմ Չերնամորյան
8 րոպեի ընթերցում

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն ընդգծում է՝ առաջին անգամը չէ, որ Իսրայելում խուլիգանական դրսևորումներ են տեղի ունենում հայկական համայնքի ներկայացուցիչների, հայ քահանաների և հայկական եկեղեցիների նկատմամբ։ Ավելին, դրանք արդեն գրանցվում են գրեթե ամենօրյա ռեժիմով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտյոմ Չերնամորյանն անդրադարձավ օրեր առաջ մի խումբ օրթոդոքս երիտասարդ հրեաների հերթական խուլիգանական արարքին, որոնք դարձյալ թիրախավորել էին հայկական վանքերից մեկը։

«Սա ոչ միայն տեղի է ունենում հայերի, այլև մյուս այլազգի քրիստոնյաների հետ։ Մարդկանց վրա թքելու, նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու վարքագիծն օրթոդոքսների մոտ, ցավոք, դարձել է սովորական երևույթ։ Տեսեք, թե նրանք ինչպես են վարվում նաև իրենց պետության, բանակի ու ոստիկանության հետ։ Այդ դեպքում մենք ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որ նրանք կոնկրետ հայերի նկատմամբ կցուցաբերեն նորմալ վարքագիծ»,- ասաց Չերնամորյանը։
Նա հավելեց, որ Երուսաղեմի հայկական թաղամասը գտնվում է սուրբ Սիոն լեռան վրա, ուստի յուրաքանչյուր ծայրահեղականի երազանքն է, որպեսզի օր առաջ ձերբազատվեն ոչ միայն հայերից, այլև բոլոր քրիստոնյաներից և լիակատար տնօրինություն հաստատեն Հին քաղաքում։
«Առհասարակ Երուսաղեմի Հին քաղաքում կա հիմնական չորս համայնք, ըստ այդմ՝ նաև չորս թաղամաս՝ հրեական, քրիստոնեական, արաբական և հայկական։ Իսրայելի ներքին գործերի նախարար Բեն Գվիրի և ներքին անվտանգության նախարար Մոշե Արբելի քաղաքականությունն ընդհանրապես միտված է հայկական համայնքից առավելագույնը պոկելուն, ուստի արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայկական համայնքը թուլանա։ Այդ քաղաքականությունը, ցավոք, վերջին տարիներին բավականին լուրջ կերպով իրականացվում է։ Հենց դրանով է պայմանավորված նաև հայկական կալվածքներից մեկի՝ Կովերի պարտեզի հետ կապված մութ գործարքի պատմությունը։ Առհասարակ կա երկու ծրագիր, որոնցից մեկը նույնիսկ ներառում է հայկական Ժառանգավորաց վարժարանի շենքի մի մասի յուրացումը»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Չերնամորյանի դիտարկմամբ՝ օրթոդոքս հրեա երիտասարդներն ընդգծված անհանդուրժողական վերաբերմունք ունեն բոլոր քրիստոնյաների նկատմամբ, հետևաբար հաճախակի դիմում են սադրանքների, իրականացնում խուլիգանական արարքներ ինչպես հայերի, այնպես էլ հույների, կաթոլիկների նկատմամբ։ Ու, քանի որ հայկական թաղամասը գտնվում է նրանց սրբավայրերից մեկի՝ «Լացի պատ»-ի ճանապարհին, ուստի հայերն ավելի շատ են թիրախավորվում ծայրահեղականների կողմից՝ ենթարկվելով պարբերական դարձած հարձակումների։
«Այդուհանդերձ, հայերն, ի տարբերություն մյուս քրիստոնյաների՝ կարողանում են իրենց պաշտպանել, նույնիսկ ձեռնամարտի բռնվել՝ խուլիգաններին սաստելու համար։ Վերջին միջադեպի առթիվ հայկական կողմը զանգել էր ոստիկանություն, և վերջինս, ի տարբերություն նախորդ դեպքերի՝ գործել էր ավելի օպերատիվ։ Հրեաների մեջ կան նաև քրիստոնյա ոստիկաններ, որոնք պաշտպանում են կրոնակիցների իրավունքները՝ նույնիսկ ուժ կիրառելով կարգազանցների և խուլիգանների նկատմամբ։ Նրանց ձեռնաշղթաներ էին հագցրել և ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Գովելի է, որ գոնե այս անգամ ուժայինները շատ արագ արձագանքեցին վերջին միջադեպին։ Բայց մյուս կողմից էլ ներքին գործերի նախարար Բեն Գվիրն ու ներքին անվտանգության նախարար Մոշե Արբելը, լինելով օրթոդոքս, փորձում են ամեն կերպ պաշտպանել իրենց կրոնակիցներին՝ աչք փակելով խուլիգանությունների վրա»,- նշեց Չերնամորյանը։
Նրա կարծիքով՝ երբ այդ խավի ներկայացուցիչները կառավարությունում զբաղեցնում են բարձր դիրք և ղեկավարում ուժային կառույցներ, ապա սադրիչների մեծ մասը ստանում է բավականին թեթև պատիժներ։ Օրինակ՝ նրանց հրահանգում են տասն օր չգնալ «Լացի պատ»-ի մոտ և այնտեղ չաղոթել։ Երբեմն նույնիսկ տնային կալանքի ենթարկված անձինք կարճ ժամանակ անց ազատվում են այդ պատժամիջոցից։
«Իսրայելում գործում է կրոնի հարցերով նախարարություն, կա նաև տարբեր դավանանքների ու կրոնների ընդհանուր ժողով։ Այդ կառույցների ուշադրության կենտրոնում է հայտնվել վերջին միջադեպը։ Չեմ կարծում, որ հատկապես այս փուլում առանց այդ էլ պատերազմական իրավիճակում գտնվող Իսրայելին ձեռնտու է հարաբերությունների խաթարումը քրիստոնյա պետությունների, հատկապես հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ, առավել ևս, որ Միացյալ Նահանգների նախագահը վերջերս հայտարարել էր Միջին Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դոնալդ Թրամփն առհասարակ հանդես է գալիս որպես քրիստոնյաների պաշտպան՝ հատուկ ընդգծելով մասնավորապես հայերի դերակատարությունն այս տարածաշրջանում, հետևաբար քրիստոնյա աշխարհի աչքերի առջև հայերի հանդեպ հարձակումները հանդուրժելի չեն։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով եվրոպական երկրներում վերստին գլուխ է բարձրացրել հակասեմիտականությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Չերնամորյանի տեղեկացմամբ՝ իսրայելական մամուլը լայնորեն անդրադարձավ հայերի հետ կապված վերջին միջադեպին՝ խստորեն քննադատելով օրթոդոքս երիտասարդների խուլիգանական վարքագիծը։ Ըստ նրա՝ այդ երևույթը չի հանդուրժում նաև Իսրայելի հասարակության գերակշիռ մեծամասնությունը, որովհետև այնտեղ ապրում են զգալի թվով քրիստոնյա հրեաներ, որոնք դատապարտում են բռնությունն ու ազգամիջյան թշնամանքի սերմանումը։
«Նման երևույթներից զերծ մնալու համար պետք է պետական մակարդակով խթանել դաստիարակչական աշխատանքը օրթոդոքս երիտասարդների շրջանում։ Անհրաժեշտ է, որ նրանց ուղեղները չլվանան և եշիբաներում (հոգևոր կրոնական դպրոցներում) քարոզեն հանդուրժողականություն մյուս կրոնների նկատմամբ։ Այսինքն՝ պետք է լինի կրթական համակարգի փոփոխություն։ Նրանք անպատժելիության մթնոլորտում այնքան սանձարձակ են դարձել, որ արդեն ոստիկաններին են ծեծում։ Օրինակ՝ վերջերս Լինչի դատաստանի էին ենթարկել կին ոստիկանին, որը նրանց փոխանցել էր իսրայելական բանակում ծառայելու ծանուցագիր։ Եթե իրենց ազգակիցներին են նման կերպ վերաբերվում, ապա պարզ չէ՞, թե ինչպես կվերաբերվեն օտարազգիներին կամ այլ կրոնների հետևորդներին»,- եզրափակեց Չերնամորյանը։
«Արմենպրես»-ը կապվեց նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության հետ, որի դիվանապետ Տ․ Աղան աբեղա Գոգչյանը հայտնեց, որ պատրիարքարանը պատրաստվում է վերջին միջադեպի առթիվ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որը կհրապարակվի շուտով։
Օրեր առաջ մի խումբ օրթոդոքս երիտասարդ հրեաներ գիշերը հարվածել էին Երուսաղեմի հայկական վանքի դարպասներին, թքել, հայհոյել, քարերով խփել պատուհաններին։ Հայերից մեկը ոստիկանություն էր կանչել։ Ոստիկանները ձերբակալել էին խուլիգաններին և տարել բաժանմունք։
