Սփյուռք

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

3 րոպեի ընթերցում

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այն մեկնարկել է ՀՀ և ԻԻՀ ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամմադիի ելույթները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատան տարածած ֆեյսբուքյան հաղորդագրությունը։ 

Միջոցառմանը ներկա են գտնվել ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին, «Սաադի» հիմնադրամի ղեկավար Ղոլամ Ալի Հադադ Ադելը, «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանին, Պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալ Սեյեդ Համզե Ղալանդարին, Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, բարեկամության խմբի անդամներ, Իրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային և հասարակական գործիչներ։

«Շնորհավորելով ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձը՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և դժվարին պահերին միմյանց աջակցելու կարևորությունը։ Անդրադառնալով «Անկախություն. հարատև պետություն» խորագրին՝ դեսպանը կարևորել է խաղաղությունն ու կայունությունը՝ որպես Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման նախապայման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԻԻՀ փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների, ամուր փոխվստահության հիմքը։ Նա նշել է, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ԻԻՀ փոխնախագահը նշել է, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Իրանի ռազմավարական առաջնահերթություններից են՝ վերահաստատելով ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում