Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
2 րոպեի ընթերցում

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Ալեքսանդար Վուչիչին անվտանգության սպառնալիքներից ելնելով հունիսի 5-ին չմեկնել Մոնտենեգրո՝ Եվրոպական միության և Բալկանների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունիսի 5-ին կժամանեն ծովափնյա Տիվատ քաղաք՝ հանդիպելու Արևմտյան Բալկանների վեց երկրների առաջնորդների հետ և քննարկելու առաջընթացը ԵՄ անդամակցության հարցում։
Սերբիայի Անվտանգության և տեղեկատվության գործակալությունը (BIA) հունիսի 3-ի երեկոյան հայտարարել է, որ Մոնտենեգրո այցը Վուչիչի համար անվտանգության մեծ ռիսկ է պարունակում՝ «օտարերկրյա գաղտնի ծառայությունների թշնամական գործողությունների և այնտեղ հանցավոր կլանի ներկայության» պատճառով։
Սերբիայի խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը նշել է, որ Վուչիչը նախատեսում է, այնուամենայնիվ, մեկնել Տիվատ և այնտեղ ունենալ մի շարք կարևոր հանդիպումներ։
Այս նախազգուշացումը հաջորդել է ԶԼՄ-ների հրապարակմանն այն մասին, որ Մոնտենեգրոն հունիսի 3-ին հետ է ուղարկել Սերբիայից ժամանած 87 տղամարդկանց տեղափոխող ինքնաթիռը, որոնք, ըստ իշխանությունների, կարող էին անվտանգության սպառնալիք ներկայացնել ԵՄ–Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովից առաջ։