Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները  

 «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին։ Արցախի պաշտպանության նախարարությունը շփման գծի գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների նոր շարք է հրապարակել: ԱՀ պաշտպանության ՊՆ-ն ներկայացրել է ապրիլի 23-ի ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրությունը: ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ապրիլի 24-ի առավոտյան Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը. «Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ և կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից։

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքի և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ: «Սիրելի հայորդիներ, Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով»,- նշել է Գարեգին Բ կաթողիկոսը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ եւ Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ եւ բարեկամական մտածումները»,- նշել է Մակրոնը:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքըորը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջանել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման ուղղությամբԼինել կուռհամախմբված ու միասնականհավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքներըսա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհըսա՛ է Հայոց ցեղասպանության կարեւորագույն դասը»,- ասել է Մակրոնը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա  հավանականությանը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: «Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև վերադառնում ենք մեր հանձնառությանը՝ երաշխավորելու, որ նման կոտորածները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք ցավոտ տարրերով անցյալի ճանաչման ու դրա հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհ»,- նշել է Թրամփը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը վերստին հնչեցրել է երկրի իշխանությունների կողմից կատարվածի հետ առերեսվելու անհրաժեշտությունը:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):

Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը: Ոստիկանություը, տեսնելով հավաքվածների մոտ «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ,  երեք անձի է բերման ենթարկել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: «Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», - ասել է Սիրիայի առաջնորդը:

Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։

Հայաստան և աշխարհ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանն ր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում:

ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, որոնց ընդունել է  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարեւորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը  հույս է հայտնում, որ շուտով հայաստանյան ստեղծված իրավիճակից ելք կգտնվի: Եվ ամենակարևորը, որ դա լինի սահմանադրական և իրավական հարթակում: Նա պատրաստ է առաջինը շնորհավորել այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 683 759, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.0 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 346 458, աճը կազմել է 16.1 %:

Բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված առաջին համաժողովը Երևանում էր համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանք հավաքվել էին քննարկելու ապակենտրոնացած տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար կարևոր նշանակության հարցեր: 

Այսուհետև Երևանից Լիոն հնարավոր կլինի հասնել ուղիղ չվերթով՝ ընդամենը 4 ժամ 10 րոպեում: Այդ ուղղությամբ միակ կանոնավոր թռիչք իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը ուղղությունն ընտրել է հաշվի առնելով Լիոնի աշխարհագրական դիրքը, Սենտ-Էքզյուպերիի անվան օդանավակայանում վայրէջքների և չվերթների քանակը: Գերմանական Germania ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե: «Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը: Փաշինյանի խոսքով՝ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը: «Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից:  Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է: Ընտրեք»,- հայտարարեց Սարգսյանը:

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին։ Հանդիպման գնալուց առաջ Բաբլոյանը հայտարարել էր, որ նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: «Այս հանդիպումը հույս է ներշնչումոր հետագա երկխոսությունը կարող է կայանալ»,- նշել է Մարգարյանը: Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատ են արձակվել Երևանի Ձերբակալվածներին պահելու վայրից:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով. «Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ 
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։

ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է ապրիլի 25-ին նախատեսված՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները չեղարկելու մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 25-ին նախատեսված հանդիպումը Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի չի ունենալու, քանի որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կողմնորոշվել է վարչապետի իր թեկնածուի հարցում. կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն ձայների հարցն անորոշ է:

 Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարել է քաղաքական կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին:

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին. «Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ»։

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամները ապրիլի 25-ին հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, ապրիլի 26-ին առավոտյան հանդես է եկել ուղերձով և նշել, որ  «այնպեսինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասընույն կերպ քաղաքական բոլոր ուժերըհատկապես՝ Ազգային ժողովում ներկայացվածպետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ»:

Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ կարծիքը շատ բացահայտ և շատ ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այդ կարծիքը հստակ ձևով, հանրության տարբեր շրջանակներում և շատ հաճախ ոչ թե մեկ կարծիք, այլ շատ տարբեր կարծիքներ արտահայտվում են:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: 
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:
Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ապրիլի 28-ին ներկայացնելով ՀՀԿ անունից արված հայտարարությունը։ Նա հավելեց. «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի ավտանգությունն է և ներքին կայունությունը։ Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի և պաշտպանելու է ժողովրդի ներկայացրած թեկնածուին, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ ՀՀ Ազգային ժողովում մայիսի 1-ին վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ենթադրելի է, որ կպաշտպանի ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

ՀՀ կառավարությունն ապրիլի 26-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական կարգի և կանոնների պահպանման հարցին: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ  հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և առաջարկել  իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ: 

 «FMD K&L Europe» ընկերությունը կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։

Սփյուռք

Դամասկոսի Սահնայայի շրջանում հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Հեմիտյանը:

Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ: Ռեստորանը պատկանում է տեղի հայ համայնքին: Բոլոր մահացողները ազգությամբ հայեր են:

Միջազգային խճանկար

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել Է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում Էր վաղ առավոտյան: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ   անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219 էջանոց զեկույցը: ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քառամյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր Է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: 

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին

ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել Է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ Է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի:

Ռուսաստանն սկսել Է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

Մշակույթ

 Հայաստանի կոմպոզիտորների միությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, հիմնում է նոր նվագախումբ, որի կազմում հանդես են գալու երիտասարդ երաժիշտներ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը  «Արմենպրես»-ի #CultTalk մշակութային նախագծի հյուր Արամ Սաթյանը պատմում է միության գործունեության, նորաստեղծ երիտասարդական նվագախմբի, կոմպոզիտորների խնդիրների և այլ ծրագրերի մասին:

ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունն ապրիլի 25-28-ն առանձին տաղավարով մասնակցում են Աստանայի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին։

Մալթայի մայրաքաղաք Վալետան 2018 թվականին առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, և օրեր առաջ այդտեղ մեկնարկել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական՝ ռեզիդենտ նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում նա հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին։

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում:

Կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:

Իտալիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ են նվաճել Ռաֆայել Հակոբյանը (56կգ), ով պարտվել է Դանիելե Օդջիանոյին, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` Ռուսաստանի ներկայացուցիչ Ջանբուլադ Բիժամովին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեց դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am